Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին: Չելիքը նշել է, թե Թուրքիան ընդունում է մահից փախչողներին, բայց փախստականների տարանցման գոտի կամ փախստականների ճամբար չէ:
«Սրանից ավելի փախստականների բեռ Թուրքիան չի էլ կարող տանել»,- հայտարարել է խոսնակը:
ԱՄՆ-ի եւ դաշնակիցների զորքերի դուրսբերման որոշմամբ ու Աֆղանստանում թալիբների ռազմական ու քաղաքական ազդեցության կտրուկ աճով պայմանավորված՝ մեծացել է Աֆղանստանից արտագաղթողների թիվը:
Փախստականների խմբերն Աֆղանստանից անցնում են Պակիստան, ապա՝ Իրան կամ միանգամից մտնում են Իրան, որտեղից էլ ցամաքային ճանապարհով հասնում են թուրք-իրանական սահմանի Վանի կամ Բայազետի հատված: Այստեղից խմբերով սահմանը հատող փախստականները ձգտում են հասնելու Թուրքիայի արեւմտյան զարգացած շրջաններ, հատկապես Ստամբուլ՝ աշխատանք գտնելու կամ դեպի Եվրոպա ճանապարհը շարունակելու նպատակով: Թուրքիայի սահմանն ապօրինի հատած բազմաթիվ փախստականներ ձերբակալվում են Թուրքիայի ոստիկանության կամ սահմանապահների կողմից: