Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում այսօր նախատեսված էին հանրային լսումներ բազմամետաղային հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ, սակայն լսումներին ձեռնարկողը՝ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ ներկայացուցիչը, չէր ներկայացել, ինչպես ավելի ուշ պարզվեց, վատառողջ լինելու պատճառով:
Հենց այդպես էլ արձանագրվեց. «Ուռուտ բնակավայրում 2021-2024 թվականներին երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպված հանրային լսումները չկայացան ընկերության ներկայացուցչի չներկայանալու պատճառով»:
Արձանագրության բովանդակությունը տեւական ժամանակ քննարկվում էր: Իրենց առողջ շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ բնակիչները պնդում էին, որ արձանագրության մեջ նշվի, որ իրենք դեմ են համայնքում հանք բացելուն ու այս թեմայով որեւէ հարցի քննարկման նաև հետագայում: Համայնքի աշխատակազմի քարտուղարը չէր ցանկանում այս տեղեկությունը արձանագրության մեջ ներառել՝ առաջարկելով բնակիչների կարծիքները արձանագրությանը կցել առանձին փաստաթղթով: Երբ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը խնդրեց հիմնավորել, թե նման բովանդակության ներառումը որ օրենքի կամ կարգի որ կետին է հակասում, նա չկարողացավ պարզաբանել: Ներկաներին առաջարկվեց գնալ Լոռի Բերդ՝ համապատասխան պարզաբանումները ստանալու: Սակայն թե՛ բնակիչները, թե՛ Ուռուտի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն ու ակտիվիստները նպատակահարմար չգտան գնալ Լոռի Բերդ: Ժամեր անց, ի վերջո, հանրային պահանջը բավարարվեց, ու արձանագրության մեջ ամրագրվեց, որ հանրային լսմանը մասնակցելու եկած 25-30 բնակիչները «իրենց գրավոր առաջարկություններով ու դիտողություններով դեմ արտահայտվեցին հանքի բացմանը եւ հետագա լսումների իրականացմանը»:
Մասնավորապես գյուղացիները դեմ են հանքի շահագործմանը, քանի որ վստահ են, որ հանքարդյունաբերությունը վնաս կհասցնի իրենց արոտավայրերին, գյուղատնտեսությանը, ջրային համակարգին, զբոսաշրջության զարգացմանը: «Ոչ մի հանք ոչ մի գյուղի օգուտ չի տվել»,- նշեցին նրանք՝ որպես օրինակ նշելով Արմանիսի հանքի հետեւանքները, որ զգում են անգամ այսօր՝ հանքի փակվելուց հետո, երբ քամին ծանր մետաղներով հագեցած թունավոր փոշին փռում է իրենց դաշտերի վրա:
Ուռուտում տեղի ունեցող իրադարձություններին ակտիվորեն հետեւող, «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Վարդուհի Անանյանը վստահ է, որ գյուղը այլընտրանքային զարգացման մեծ պոտենցիալ ունի, որը մարզային կառույցները պոտենցիալ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետք է գնահատեն ու ճիշտ ներկայացնեն:
«SOS Ուռուտ»-ի կանչին հետեւլ էին մտահոգ քաղաքացիներ Վանաձորից, մարզի այլ բնակավայրերից, անգամ Երեւանից՝ իրենց ներկայությամբ սատարելով տեղացիներին:
Հիշեցնենք, որ Ուռուտի հարեւանությամբ հանքարդյունաբերական պաշարներով միաժամանակ հետաքրքրված են երկու նորաստեղծ կազմակերպություններ, որոնցից առաջինին հաջողվել է նախնական փուլի լսումներն անցկացնել, քանի որ գյուղացիները պատշաճ իրազեկված չեն եղել լսումների մասին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։