Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ տասը մարդ է ձերբակալվել անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով: Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչեւ օգոստոսի 13-ը:
Մի քանի օրում՝ 586 հրդեհ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկած երկրներին: «Մեր երկրի համար ամենածանր այս օրերին շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջեւ աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Անոմալ շոգից ու երկար ամիսների երաշտից հետո առաջացած այս հրդեհները շատ դժվար է մարել»,- ընդգծել է Միցոտակիսը:
Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Հունաստանը Ռուսաստանի Դաշնությունից երկուական Իլ-76 ինքնաթիռ եւ Մի-8 ուղղաթիռ է խնդրել: Հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ, Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ այս հարցը: Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելեւին Հունաստանի համար դժվարին պահերին Ռուսաստանի անմիջական եւ գործնական օգնության համար։
Կփորձեն ընդառաջել
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հնարավորության դեպքում երկու հրշեջ ինքնաթիռ կուղարկի Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհների մարմանն աջակցելու նպատակով: Նա ընդգծել է, թե քննարկվում է Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը, եւ Թուրքիայում հրդեհների թուլացմանը զուգահեռ կփորձեն ընդառաջել Հունաստանի այդ դիմումին: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւս սոցցանցային գրառմամբ հայտնել է, թե խոսել է թուրք պաշտոնակցի հետ, որը խոստացել է երկու հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:
Թուրքիայում անտառային հրդեհների ամենաուժգին տարածվելու օրերին Հունաստանը պատրաստակամություն էր հայտնել հրշեջ ինքնաթիռ ուղարկելու Թուրքիա, սակայն իր տարածքում էլ անտառային հրդեհներ բռնկվելու պատճառով չէր կարողացել ուղարկել դրանք:
ԱՄՆ-ը Թուրքիա երկու հրշեջ ուղղաթիռ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով։
Հրդեհներից վնասը՝ 35 միլիարդ դոլար
Թուրքիայի մեջլիսի՝ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում տասներեք օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Պատգամավորն ընդգծել է, որ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 միլիարդ թուրքական լիրան (35 միլիարդ դոլար): Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է նաեւ անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք բուրումնավետ բույսերի ոչնչացման մասին:
7,7 միլիոն հեկտար անտառ՝ հրո ճարակ
ՌԴ բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը հայտարարել է, որ Ռուսաստանում այս տարի հրո ճարակ է դարձել 7,7 միլիոն հեկտար անտառածածկույթ, ինչը մեկ ու կես անգամ գերազանցել է նախորդ տարվան, թեեւ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի քիչ հրդեհներ են եղել: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը դեռեւս չափազանց լարված է: