Պայմանավորված տեղում ճիշտ ժամին, փաստաթղթերն ու հին լուսանկարները ձեռքերին, հուզված ու անհանգիստ կանգնած են։ Անցնող-դարձող ծանոթներին տեղեկացնում են, որ ժուռնալիստի են սպասում։
Ռոբերտ Պողոսյան, Վեներա Սահակյան, Նելլի Թորոսյան․ երեքին միավորում է ընդհանուր ճակատագիրը՝ խեղված մանկությունն ու բռնադատվածի կարգավիճակը։
Նրանք խորհրդային բազմահազար այն քաղաքացիներից են, որոնց ընտանիքները ժամանակին կրել են ստալինյան բռնատիրության սարսափները եւ անցել աքսորի տառապալից ճանապարհով։
«Մեր շարքերը նոսրացել են, երեքով ենք մնացել, առաջ Վերայի դեղատանը չէինք տեղավորվում»,- ասում ու շարժվում են Վեներա Սահակյանի մոտակա դեղատունը։
Ռոբերտ Պողոսյան
«Ռոբերտ Պողոսյան, ծնվել եմ 1939 թվականին»,- ավագի իրավունքով առաջինը ներկայանում է խմբի միակ տղամարդը։ Հիշողության անիվը շուրջ յոթ տասնամյակ հետ է պտտվում՝ նրան տանելով մանկության ու պատանեկության դառը տարիներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմում հայրը՝ Վաչագանը, գերի է ընկնում, չորս տարուց վերադառնում ընտանիք։ Վաչագանի ողջ մնալը, սակայն, ստալինյան վարչակարգը չի ներում։ «Հաճախ էին նրան տանում, նկուղներում ծեծում, փորձում խոստովանություն կորզել, բայց ի՞նչը խոստովաներ»,- զարմանում է Ռոբերտ Պողոսյանը։
«1949 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 5-ին, Լենինականի մեր տան դուռը ծեծեցին, հորս ընկերոջ ձայնը լսեցինք, հորդորեց չվախենալ ու իրենց ներս թողնել, հետո պարզվեց՝ ծախել էր մեզ։ Տատս դուռը բացեց. երկու զինվորական էին կանգնած, ասացին, որ մեզ տեղափոխում են»։
Տասնամյա պատանին զարմացել է, թե ինչպես զինված կապիտանը թույլ չտվեց, որ տատն անգամ հարեւանի արդուկը վերադաձնի։
Վեց հոգուց բաղկացած ընտանիքին մի քանի րոպե ժամանակ են տալիս, արագ հավաքում են ամենաանհրաժեշտ իրերը եւ դուրս գալիս։ Բակում տեսած ահավոր պատկերը պատանի Ռոբերտը երբեք չի մոռանում․ «Բեռնատարները կանգնած էին, շրջակայքի շենքերից եւս ընտանիքների էին բերում, ո՛չ կին էին նայում, ո՛չ երեխա, բոլորին քշելով բարձրացնում էին բեռնատարների թափքի վրա ու տանում Ջաջուռ»։
Երեկոյան 6-ին զինվորական օրապահիկ են ստանում ու տեղավորվում վագոններում. արդեն պարզ էր, Սիբիր էին աքսորում։ «Մերը 35-րդ վագոնն էր, հինգ ընտանիք էինք, ներսում դրված էր ջրի մեծ տակառ, որի մեջ լիքը որդեր էին լողում»,- հիշում է Ռոբերտ Պողոսյանը։
Հինգերորդ օրը, երբ հասնում են Ստալինգրադ, մայրը ծննդաբերում է։ Այսօրվա պես աչքի առաջ է տեսարանը, թե ինչպես բոլորը դուրս եկան, վագոն մտավ շարժակազմի միակ բուժեղբայրը։ Քիչ հետո այդ դժոխքում ուրախության ալիք բարձրացավ՝ Վաչագանը տղա ունեցավ։
Տասնյոթ օրից գնացքը աքսորյալներին հասցնում է Ալեյսկ, որտեղից բաշխում են՝ ըստ մասնագիտությունների։ Ռոբերտը մառախուղի միջով անցնող բեռնատարների երկար շարքն է հիշում. «Եվս մեկ օր բեռնատարներով գնացինք ու վերջապես հասանք Պավլովսկի մարզ, տեղավորվեցինք մի մեծ ակումբում»։
Այդպես ապրում են յոթ տարի։ Ստալինի եւ Բերիայի մահից հետո հայրենիք վերադառնալու դուռ է բացվում։ «Երբ տանում էին, մարդիկ մեզ նայում էին որպես դավաճանների, իսկ երբ եկանք [Լենինական], տուն տվեցին, հորս՝ աշխատանք, ես ռուսական 14-րդ դպրոցում սովորեցի, ընդունվեցի ինստիտուտ, դասախոս աշխատեցի Պոլիտեխնիկում մինչեւ երկրաշարժը։ Դրանից հետո էլ բազմաթիվ այլ աշխատանքներ եմ կատարել, պիտանի եմ եղել իմ քաղաքին՝ ներդրել գիտելիքներս»,- ասում է Ռոբերտ Պողոսյանը։
Նա երկու օրինակ տպել ու հետը բերել էր «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Բարձրաձայն կարդում էր, թե ինչ արտոնություններ ունի բռնադատվածը, նեղվում, որ ոչինչ հասանելի չէ, թոշակը շատ ցածր է, միայն երբեմն բուժծառայությունից են օգտվում։
Վեներա Սահակյան
«Սահակյան Վեներա, ծնվել եմ 1942 թվականին Այգաբաց գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Հայրս Հայրենական պատերազմի մասնակից է եղել, ոտքից վիրավոր գերի է ընկել, վեց տարի հետո մեծ դժվարությամբ հասել է Լենինական»։
Տիկինը զարմանում է՝ ինչպես կարող էին իրենց անբիծ, կիրթ ընտանիքին գիշերով աքսորել Սիբիր։ Ընդամենը հինգ տարեկան է եղել, մանրամասները լավ չի հիշում, միայն գիտի, որ մորն առաջարկել են չգնալ ամուսնու հետ, բայց նա կտրականապես մերժել է՝ որտեղ ամուսինը, այնտեղ ինքն ու երեխաները։
Սիբիր տանող դժվար ճանապարհի մասին խոսելիս տիկին Վերան ամենահաճախը կրկնում է «սոված» բառը․․․ «Անասունի պես փակ մեքենայով սոված-ծարավ տարան, երկար գնացինք, շատ շոգ էր, սոված էինք, գոմի նման մի տեղ հասանք, նստեցինք, հետո մեզ խղճացին, մի փոքր հաց տվեցին։ Ցորենի հսկայական սարեր կային, բայց մեզ մի բուռ չէին տալիս»։
Հիշում է՝ ինչպես էր հայրը ձեռնոցի մատների մեջ լցրած մի բուռ ցորեն բերում, որն անչափ համով էր թվում աղջնակին։ Իսկ նրա համար աքսորի ամենաերջանիկ օրերը եղել են նոյեմբերի 7-ն ու մայիսի 1-ը. տոներին նույնիսկ սպիտակ հաց էին տալիս։
Անմարդկային տանջանքներին մարդիկ չէին դիմանում, քանի՜- քանիսն աղջկա աչքի առաջ նետվեցին Ալեյ գետը։ Դժոխային այդ պայմաններում մահանում է նաեւ Վերայի փոքրիկ քույրը։
Վերադարձի տարիները Վեներան ավելի պարզ է հիշում. մեծ աղջիկ էր արդեն։ «Տարիներ անց մեզ ազատեցին, եկանք Հայաստան, բայց զգացողություններս բթացած էին, մեզ մարդ չէինք զգում։ Տունը, որտեղ ապրում էինք, դատարկ էր, ոչինչ չունեինք։ Մայրս որպես դաստիարակչուհի ընդունվեց աշխատանքի, հայրս ինստիտուտն ավարտեց, ես 14-րդ դպրոցն ընդունվեցի։ Այնուհետեւ ուսումս շարունակեցի արտերկրում։ Ապրեցինք լավից-վատից, բայց մեր գողացված մանկությունը չներեցինք ոչ ոքի»։
Տիկինը ծանր հիվանդություն է ձեռք բերել, սարսափելի ցավեր է ունենում։ «Մանկությունս ցուրտ ու սոված անցավ, մի՞թե ծերությունս էլ այդպիսին պետք է լինի։ Աշխատել ու Խորհրդային Միությանը ի պահ եմ հանձնել խնայողություններս, բայց ամբողջը գնաց կորավ»։
Այժմ փոքրիկ դեղատուն ունի, եկամտի մասին խոսելիս ծիծաղում է, այնքան է դեղերը պարտքով բաժանել, որ պարտքի տետրերը հաստացել ու խունացել են, դրամապանակը՝ բարակել։
Նելլի Թորոսյան
Նելլի Թորոսյանը աքսորի ճանապարհից ոչինչ չի հիշում. մեկ տարեկան է եղել։ Ինչ էլ որ պատմում է, մոր խոսքերից է հիշում։
Ասում է, երբ մտել են իրենց տուն, եղբայրը Աշոցքի գյուղերից մեկում է եղել, բարեկամի տանը։ Մայրն ինչքան խնդրել-աղաչել է, որ սպասեն, երեխային էլ հետները վերցնեն, զինվորականները չեն լսել։
«Մեզ տարել են Ալտայսկի կռայ, Կալմանսկի ռայոն, տաժանակիր աշխատանք ենք արել, սոված-ծարավ գիշերներ լուսացրել»։
Հրաշքով որոշ ժամանակ անց Հայաստանում մնացած եղբայրը հասել է Սիբիր, միացել ընտանիքին։ Եղբորը գտել են, բայց հորը կորցրել հեռավոր հյուսիսում։
«1955 թվականի դեկտեմբերին իմացանք, որ բռնադատվածները կարող են ազատվել։ 56-ի մարտին այնտեղից դուրս եկանք, հասանք Հայաստան, մի տարի ապրեցինք Կիրովականում, հետո եկանք Լենինական»։
Նելլին ամուսնանում է, բայց, ինչպես ինքն է ասում, օրն առավոտից է երեւում. «Ինչպիսին որ մանկությունս էր, այնպես էլ ողջ կյանքումս կորցրի ու կորցրի․ երկու աղջիկներս մահացան, հիմա ապրում եմ մի աղջկաս հետ՝ հիվանդ ու աղքատության մեջ»։
Տխուր վերջաբան
Հանդիպումն ավարտվել է, միմյանց հաջողություն ենք մաղթում, զրուցակիցներիս ասելիքը, սակայն, չի սպառվել․ «Խնդրում ենք, վերեւներին ասեք, որ բռնադատվածի կարգավիճակը սեւ հետք է թողել մեր ամբողջ կյանքի վրա, ուզում ենք, որ գոնե մեր կյանքի մայրամուտին մի քիչ արեւ ծագի, չէ՞ որ ժամանակին այն չծագեց․․․»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։