Տալլինի Արվեստի սրահն (Էստոնիա) ունի եզակի թվանշային, վիրտուալ ցուցադրությունների առցանց հարթակ, բարձր ռեզոլյուցիա ունեցող տեսաշրջայցեր եւ մեդիացիայի տարբեր եղանակներ՝ կուրատորական աուդիո ներածություններով, որոնք խթանում են ռեալիստական տարածական փորձառությունը, այցելուի զգայական ընկալումը եւ լսարանի ներգրավումը։
Դիտելով այդ տեսաուղեցույցները եւ ցուցադրության լաբիրինթոսային սցենոգրաֆիան՝ օգտատերը կարող է սեղմել շրջանի նմանվող ցանկացած առարկայի վրա՝ մանրամասն ուսումնասիրելով արվեստի առանձին գործը եւ էքսպոզիցիան՝ ցուցադրության տեսակ, որ դեռ հազվադեպ է հանդիպում ժամանակակակից թանգարանների եւ ինստիտուտների վիրտուալ հարթակներում։
Չնայած այս շրջայցերի՝ ֆիզիկականից վիրտուալ դաշտ տեղափոխված տեքստային, պատկերային եւ հնչյունային տեղեկության ծավալին՝ ցուցադրությունները չեն դառնում դիդակտիկ եւ նկարագրողական՝ ներգրավված մնալով քննադատական իմաստների, կլանող եւ ներգրավվող գիտելիքի շարունակական արտադրության մեջ։ Իսկ առցանց շրջայցերը կարծես նկարված լինեն ֆիլմի տրամաբանությամբ։
Պատահական չէ, որ հենց Տալլինի Արվեստի սրահի նման առաջատար ինստիտուտներն (համադրող՝ Կորինա Ապոստոլ) ու նման վիրտուալ հարթակներն էին այս տարվա մայիսի 6-ին եւ 7-ին առցանց ռեժիմով անցկացվող «ՀայՄԵքս» (HyMEx)՝ հիբրիդ թանգարանային փորձառությանը նվիրված գիտաժողովի ուշադրության կենտրոնում։
Թվանշային աշխարհի եւ տեղեկության տիրապետությունը ֆիզիկական եւ աշխարհագրական կոորդինատներ ունեցող թանգարանների իրականության, այն ընկալողի դիտողական եւ մասնակցային փորձառության վրա ուսումնասիրող «ՀայՄԵքս» ֆորումը տեղի էր ունենում «Խնդրո առարկայից այն կողմ» (2019–2023) միջազգային հետազոտական ծրագրի շրջանակում:
Երկօրյա գիտաժողովը վարում էին ֆորումի հայեցակարգի համահեղինակներ, արվեստաբան եւ համադրող Լիվիա Նոլասկո-Ռոզչասը՝ Կարլսրուեի Արվեստի եւ մեդիայի կենտրոնից (ZKM), եւ Բուդապեշտի Ժամանակակից արվեստի Լյուդվիգ թանգարանի համադրող Բորբալա Կալմանը։ Ֆորումը կազմակերպել էր Բուդապեշտի Ժամանակակից արվեստի Լյուդվիգ թանգարանը եւ ներառում էր բանախոսների աշխարհի տարբեր անկյուններից։
Գիտաժողովի համակարգող Լիվիա Նոլասկո-Ռոզչասը մեկնաբանում է մեր ժամանակի գլխավոր խզումը որպես դիխոտոմիաների ավարտի ժամանակ, երբ հակադրությունները՝ ներկայություն եւ բացակայություն, ռեալ եւ վիրտուալ, կորցնում են իրենց նախնական իմաստը։
Տիրապետող եւ կարեւոր են դառնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հիբրիդ թանգարանը եւ հիբրիդությունը որպես մշակութային ֆենոմեն (Քրիստիան Պոլ), թվանշային եւ ավանդական պատկերների գործող ռեժիմների միջեւ տարբերությունը (Բորիս Գրոյս), արվեստի համադրության մասին մեր գիտելիքն ընդարձակող պատմական/օրիգինալ ցուցադրությունների եւ դրանց վերահամադրությունների ուսումնասիրությունը թվանշային միջավայրում (Բրյուս Ալտշուլեր), անցյալի ցուցադրությունների թվանշային փաստագրումը եւ ներկայում դրանց անորսալիությունը, վիրտուալ պայմաններում գիտելիքի արտադրությունը, թանգարանի շոշափելի, նյութական սահմանների լուծարումը եւ վերջինիս՝ տարածաժամանակային ընդհանուր հարթակ եւ ռեսուրս դառնալու հնարավորությունը։
Հաշվի առնելով «ՀայՄԵքս» գիտաժողովում արծարծվող թեմաների առատությունը, բազմաշերտությունը, ինչպես նաեւ բովանդակության ծավալը եւ ֆորումի հագեցած օրակարգը՝ որոշեցի գիտաժողովի մասին գրել առանձին վերլուծական հոդվածների շարքով՝ հաջորդիվ անդրադառնալով առցանց ցուցադրության ռեժիմին, ինչպես նաեւ պատմական եւ հիմնական համարվող ցուցադրություններին, դրանց վերահամադրություններին ու վերանայմանը թվանշային միջավայրում եւ նոր մեդիաների լույսի տակ։
շարունակելի
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։