Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը: Նախարարն ընդգծել է, որ «Թալիբանը» վերահսկողության տակ է վերցրել Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանները, թեեւ խոստանում է, որ գրոհներ չի ձեռնարկի հարեւան պետությունների վրա:
«Ռուսաստանի համար կարեւոր է, որ ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու թալիբների հնարավոր սադրանքները: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- ասել է Շոյգուն՝ «Բանականությունների տարածք» Համառուսաստանյան երիտասարդական ուսուցողական համաժողովի իր ելույթում:
Շոյգուն նշել է, որ Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի սպաների մեծ մասը կրթություն է ստացել ՌԴ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նա հիշեցրել է Տաջիկստանում եւ Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին: «Տաջիկստանում մեր 201-րդ ռազմակայանն է, Ղրղզստանում նույնպես ռազմակայան ունենք»,- շեշտել է նա:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն օգնում է Կենտրոնական Ասիայի երկրների բանակների արդիականացմանը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Աֆղանստանից հնարավոր սպառնալիքների դիմագրավմանը, որոնցից մեկն էլ այդ արածքներով ապօրինի թմրամիջոցների շրջանառության սպառնալիքն է: