ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները:
Օգոստոսի 9-ին` 17:45-ի սահմաններում, Շուշի բնակավայրի մոտակայքում ԼՂ զինված կազմավորումների եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն էր տեղի ունեցել:
Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել էին, տուժածներ չեն եղել: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում:
Օգոստոսի 10-ին Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:
Բացի հրաձգային զինատեսակներից` ադրբեջանական զինուժը կիրառել էր նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով երեք արկ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: