Բելառուսի վարչակազմը պահանջել է Վաշինգտոնից մինչեւ սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը՝ թողնելով ընդամենը հինգ աշխատողի։
ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, թե չեղարկում է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջուլի Ֆիշերին նշանակելու՝ նախկինում տրված համաձայնությունը: Որոշումը փոխանցվել է Բելառուսում Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուբեն Հարությունյանին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ սա Մինսկի պատասխանն է Վաշինգտոնին, որը նախօրեին՝ Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, խստացրել էր պատժամիջոցները նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների եւ վարչակազմին «սնող» ընկերությունների նկատմամբ։