Հայաստանում նախատեսվում է 2021-ի օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Նախատեսված է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչեւ 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
Ըստ որոշման նախագծի՝ վարժական հավաքների ապահովման համար երեք ամիս ժամկետով՝ օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը, նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչեւ 110 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման եւ վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Որպես հիմնավորում նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները եւ տրանսպորտային միջոցները վարժական հավաքների եւ մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ: