ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի եւ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի մոսկովյան հանդիպումից:
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, դրան հաջորդել է հանդիպումն ընդլայնված պատվիրակությունների կազմով։
Բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից առաջ են քաշվել առանցքային կարեւորության խնդիրներ՝ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները:
Կողմերը շոշափել են սահմանային միջադեպերի կանխումը, ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը:
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ-ում խաղաղության ամրապնդման եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Արշակ Կարապետյանը շեշտել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակ փոխադրվելու փուլում են։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։
ՌԴ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել վերջին շրջանում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության զարգացման եւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը։
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Արշակ Կարապետյանը ՌԴ պաշտպանության նախարարի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարեւորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը եւ այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միեւնույն ժամանակ չի հանդուրժելու իր սահմանային շրջանների բռնազավթումը եւ ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների եւ հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը եւ որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։