Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Միութենական պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հեռավոր հանդիպումը:
Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը վերոնշյալ հանդիպումից առաջ հայտարարել է, որ երկու երկրները պատրաստ են ընդլայնելու համագործակցությունը տնտեսական եւ ինտեգրացիոն օրակարգով:
Մեզենցեւը հավաստիացրել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի ինտեգրացիայի խորացումը ոչ մի կերպ չի անդրադառնա այդ երկրների ինքնիշխանության վրա:
Տեղեկանք
1999-ին Ռուսաստանը եւ Բելառուսը համաձայնագիր են ստորագրել Միութենական պետություն ստեղծելու մասին: Պայմանագիրը ենթադրում է ունենալ միասնական դրամ, դատարան եւ մաքսային ծառայություն:
1990-ականների կեսերին Հայաստանում եւս նախաձեռնություն էր սկսվել ռուս-բելառուսական միությանը միանալու պահանջով: Սակայն Հայաստանի իշխանությունները այդ նախաձեռնությունը հակասահմանադրական համարեցին` հայտարարելով, որ այն ուղղված է երկրի անկախության եւ ինքնիշխանության դեմ:
Միութենական պետությունը ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցության) վերահսկողության տակ գտնվող երեք կազմակերպություններից մեկն է։ Մյուսներն են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Վերջին երկուսը ռազմական եւ տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ եւ Բելառուսի միջեւ անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր եւ այլն։
ԱՊՀ-ն հիմնադրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին: Ունի 9 լիիրավ անդամ՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան, եւ երկու ասոցացված անդամ՝ Թուրքմենստան եւ Ուկրաինա: Նախկին լիիրավ անդամ Վրաստանը 2008-ի օգոստոսի 18-ին դուրս է եկել ԱՊՀ-ից՝ ռուս-վրացական պատերազմից հետո: