Կորոնավիրուսի տարածման ներկա տեմպերի պարագայում 2022-ի սկզբին ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Ժնեւում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով դրա մասին, հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 200 միլիոնը՝ աշխարհում վարակվածների թիվը 100 միլիոնը գերազանցելուց 6 ամիս անց:
Գեբրեյեսուսը, այնուամենայնիվ, շեշտել է, որ այժմ համաշխարհային հանրությունը ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելելու, թեստավորելու եւ բուժելու մեծ գործիքակազմ ունի:
Մանրէահիմքի հակասական բնութագիրը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «Յոտա» տարբերակը մահացությունը կարող է ավելացնել 46-82 տոկոսով։ Նյու Յորք քաղաքի առողջապահության դեպարտամենտի եւ Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի անվան Հանրային առողջապահության դպրոցի մասնագետների այս ուսումնասիրությունը հրապարակվել է medrxiv.org կայքում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Նյու Յորքում 2020-ի նոյեմբերից մինչեւ 2021-ի ապրիլը հավաքված համաճարակաբանական տվյալները, մաթեմատիկական մոդելավորում արել՝ նշված մանրէահիմքի փոխանցման արագությունը, իմունիտետից խուսափելու ունակությունն ու մահացության մակարդակը որոշելու համար:
Հեղինակները պարզել են, որ մյուս մանրէահիմքերի համեմատ «Յոտա» տարբերակը մահացության գործակիցը 46 տոկոսով ավելացնում է 45-64 տարեկան անձանց, 82 տոկոսով՝ 65-74 տարեկան անձանց եւ 62 տոկոսով՝ 75 տարեկանից բարձր անձանց շրջանում։
Մինչդեռ ԱՀԿ-ն նախօրեին պնդել էր, որ «Յոտա» շտամն առանձնապես վտանգավոր չէ:
Ամեն մահվան համար 16 տարի
Իսպանացի գիտնականները հայտարարել են, որ մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան 20 միլիոն տարվա կյանք է կորցրել։
Պոմպեու Ֆաբրի համալսարանի փորձագետները հետազոտության մեջ օգտագործել են «կյանքի կորսված տարիներ» կոչվող մեթոդը, որը թույլ է տալիս գնահատել այն տարիների միջին քանակը, որոնք մարդը կարող էր ապրել, եթե ժամանակից շուտ չմահանար։ Վերցվել են 81 երկրում Քովիդ-19-ից մահացած մարդկանց թվաքանակի մասին տվյալները։ Մասնագետները Քովիդ-19-ից մահացած մարդու տարիքը համեմատել են ամենաշատ տուժած երկրներում կյանքի միջին տեւողության հետ։
Պոմպեու Ֆաբրի համալսարանի դոկտոր Էկտոր Արոլասը նշել է, որ մարդկությունը կորոնավիրուսի պատճառով ընդհանուր առմամբ կորցրել է 20 507 518 տարի՝ ամեն մահվան համար՝ 16 տարի։
Գիտնականները նշել են, որ հետազոտության ժամանակ հաշվի չի առնվել կորոնավիրուսային վարակի հետ անուղղակիորեն կապված մահերի պատճառով կորսված տարիների քանակը։
Գնդաձեւ կուտակման գույնը
Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Անդրե Գյուտերը նշել է, որ կորոնավիրուսի իսկական գույներն են սեւն ու սպիտակը։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա պայմանական է, քանի որ SARS-CoV-2–ի մոլեկուլն իր չափերով լույսի ալիքի երկարությունից փոքր է։ Փորձագետը նշել է, որ կորոնավիրուսային վարակի մոլեկուլը արտաքինից գնդաձեւ կուտակում է հիշեցնում։