ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հակացուցում չունեցող եւ պատվաստումից հրաժարվող անձինք ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ պետք է հանձնեն։
Կանոնը կգործի Հայաստանի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային սննդի օբյեկտների, մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաեւ դպրոցների ուսուցիչների եւ բուհերի դասախոսների համար: Չպատվաստվելու դեպքում ՊՇՌ թեստ կհանձնեն նաեւ ճամփորդել ցանկացողները։
Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճի, տարածաշրջանում, Վրաստանում վարակման դեպքերի կտրուկ աճի պայմաններում ձգտելու են քաղաքացիներին ապահովագրելու համավարակի ալիքների հետագա ընթացքից:
Նախարարը նշել է, որ իրավական ակտերում որոշակի փոփոխություններ են մտցվում, եւ օրենքի շրջանակում անելու են ամեն ինչ, որ քաղաքացիները պատվաստվեն:
Ավանեսյանը շեշտել է, որ կոնկրետ անձի առողջությունից բացի՝ գործ ունենք առողջապահական լուրջ մարտահրավերի հետ: Ուստի սահմանափակումներն արվում են համավարակի սպառնալիքով պայմանավորված լուրջ մտավախությունների պատճառով:
Ըստ նախարարի՝ հաշվի է առնվում զբոսաշրջային ակտիվ սեզոնը, ինչպես նաեւ երկրում ներքին զբոսաշրջության աշխուժացումը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված հիվանդացության աճ է սպասվում:
Ըստ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 399-ով՝ հասնելով 233400-ի:
Գրանցվել է հիվանդությունից մահվան հինգ դեպք: Կորոնավիրուսային վարակով եւս երկու խնամյալի մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսը Հայաստանում խլել է 4669 մարդու կյանք, եւս 1131 վարակակիր, ըստ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 190-ով եւ հասել 221 919-ի: Այսպիսով՝ ՔՈՎԻԴ-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5681 մարդ։
Իրականացվել է 6447 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 415 հազար 538: