Գերմանական Lufthansa ավիաընկերությունը օգոստոսի 13-ից կսկսի իրականացնել Ֆրանկֆուրտից Երեւան ուղիղ չվերթեր շաբաթը երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ։
Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Հարավային Կովկասի գծով գլխավոր տարածաշրջանային մենեջեր Ռենե Կոինչակն այսօր մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ավիաընկերությունը կարեւոր է համարում իր ներկայությունը Հայաստանում։
Պաշտոնյան նշել է, որ Եվրոպայից ուղեւորների մեծ հոսք կա, բացի դրանից՝ Lufthansa-ն մտադիր է տարանցում ապահովել ԱՄՆ մեկնել ցանկացող հայերի համար:
Ընկերության ներկայացուցիչ Փիթեր Պուլեմը հայտնել է, որ առայժմ չվերթեր կիրականացվեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն ավիաընկերությունը չի բացառում, որ թռիչքներ կարող են լինել նաեւ Գյումրիից։ Նա նշել է, որ ավելացրել են թռիչքների քանակը, բայց առայժմ կհետեւեն գործընթացին եւ հետո որոշում կընդունեն։
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ Lufthansa խումբը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր: «ՀՀ-ում թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից որեւէ մեկն այժմ նման բան չի առաջարկում: Այս համակցումը Lufthansa խմբին թույլ կտա տարեկան ավելի քան 100 միլիոն ուղեւոր փոխադրել»,- նշել է Վերդեն:
Օգոստոսի 6-ից ամեն ուրբաթ Eurowings-ն իրականացնում է ուղիղ չվերթեր Երեւան-Քյոլն եւ հակառակ ուղղությամբ:
Այսպիսով, ամեն օր չվերթներ են իրականացվելու Երեւան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երեւան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երեւան Բրյուսել եւ շաբաթական 1 անգամ՝ Երեւան-Քյոլն ուղղություններով:
Lufthansa Group միջազգային ավիակոնցեռնի մեջ մտնում են ավելի քան 550 ընկերություններ: Ավիակոնցեռնը Հայաստանում ներկայացված է չորս ապրանքանիշով՝ Austrian Airlines (Վիեննա), Brussels Airlines (Բրյուսել), Eurowings (Քյոլն) եւ Lufthansa։