Իրանում կորոնավիրուսի նոր՝ հինգերորդ ալիքի պայմաններում կրոնական ծիսակարգերի բազմամարդ հավաքներ են մեկնարկել։ Օգոստոսի 9-ին սկսվել է իսլամական լուսնային տոմարով առաջին ամիսը՝ Մուհարամը։
Շիա մուսուլմանները Մուհարամ ամսին ոգեկոչում են Մուհամմադ մարգարեի թոռ, իմամ Ալիի որդի Հուսեյնի չարչարանքներն ու մարտիրոսությունը։ Ինքնախարազանման ու ինքնակեղեքման դրվագներով ուղեկցվող այս հավաքները գագաթնակետին հասնում են Մուհարամ ամսի տասներորդ օրը, որն Աշուրա է կոչվում։
Համաճարակի պայմաններում կրոնական ծիսակարգերի, սգո արարողությունների անցկացնել-չանցկացնելու մասին քննարկումները դեռ անցյալ տարվանից տարաձայնությունների առիթ են դարձել Իրանում։ Մի կողմից՝ կա առողջապահական համակարգի պատասխանատուների հորդորը՝ խուսափել բազմամարդ հավաքներից ու հնարավորինս հեռավորություն պահպանել միմյանցից։ Մյուս կողմից՝ մի շարք կրոնականներ համարում են, որ Հուսեյնի ոգեկոչման սգո արարողությունները պիտի կատարվեն ցանկացած պարագայում, եւ դրան ընդդիմացողները «սատանային» են ծառայություններ մատուցում։
Անցյալ տարի նախագահ Հասան Ռուհանին, տուրք տալով պահպանողականների ճնշումներին, հայտարարել էր, որ «առողջություն կամ սգո արարողություն» երկընտրանք գոյություն չունի, եւ որ սգո ծիսակարգերը պիտի կատարվեն ի հեճուկս համաճարակի։ Արդյունքում, անցյալ տարվա Մուհարամ ամսին հաջորդեց երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ։
Այս տարի Մուհարամ ամսվա առաջին օրվա առիթով ունեցած իր ելույթում Իրանի Հոգեւոր Առաջնորդ Ալի Խամենեին ընդգծել է, որ Հուսեյնին ոգեկոչող արարողությունները անպայման պիտի կատարվեն, բայց պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Համացանցում տարածվող տեսանյութերը, սակայն, արդեն փաստում են՝ իրանցիները Հուսեյնին հիշում ու ինքնախարազանվում են՝ մոռանալով կորոնավիրուսի մասին։
Հուսեյնի մարտիրոսության կրոնա-քաղաքական հետեւանքները
680 թվականին Քերբալայում իմամ Հուսեյնի ու նրա կողմնակիցների մարտիրոսությունը շիա մուսուլմանների աշխարհայացքը ձեւավորող առանցքային դրվագներից է։ Այդ աշխարհայացքին սպասարկող նշանաբաններից մեկն ասում է՝ «ամեն տեղ Քերբալա է, ամեն օր Մուհարամ»։
Հուսեյնի մարտիրոսությունը շիաների կողմից մեկնաբանվել է որպես բարձրագույն անձնազոհություն, եւ նրա տառապանքները փորձ է արվում մեղմելու ամենամյա սգո ծիսակատարությունների միջոցով։ Հավատացյալները հաճախ ծանր մետաղական շղթաներով կամ դաշույններով ինքնախարազանումներ են կատարում, արտասվում ու ողբ ասում։ Այս գործողություններով շիաները փորձում են սեփական մաշկի վրա զգալ Հուսեյնի ապրումները եւ ինքնադատաստանի ենթարկվել՝ Հուսեյնին դավաճանելու ու նրան թշնամու դեմ միայնակ թողնելու համար։
Մարտիրոսության գաղափարն ու մարտիրոսների հիշատակման արարողությունները հաճախ օգտագործվում են նաեւ քաղաքական համատեքստում։ Մինչ հեղափոխությունը Հուսեյնի ոգեկոչման արարողությունները Իրանում հաճախ վերածվում էին հակաշահական հավաքների, իսկ Իսլամական հեղափոխությունից հետո դրանք պետականորեն կազմակերպվող ամենից լայնամասշտաբ ու միասնություն խորհրդանշող միջոցառումներից էին։
Իրանում մարտիրոսության գաղափարի նորովի վերակենդանացման ու զարգացման կարեւոր հանգրվան է համարվում Իրան-իրաքյան պատերազմը։ Պատերազմի հազարավոր զոհերի մահը «իմաստավորվում էր» նրանց մարտիրոսության մասին պատումներով ու նահատակության արդյունքում դրախտում նրանց սպասվելիք վարձատրություններով։
Պատերազմական այդ տարիներին մարտիրոսների մի ամբողջ սերունդ ձեւավորվեց աշխարհազորայիններից բաղկացած «Բասիջի» շարքերում բազմահազար դեռահաս տղաների ներգրավմամբ։ «Սրբազան» հռչակված պատերազմում նրանց ականապատ դաշտ էին ուղարկում՝ կանոնավոր բանակի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար։
Ժամանակի վավերագիրների վկայությամբ՝ դեռահաս տղաները դեպի ականներն էին վազում Քերբալան, Հուսեյնին ու Խոմեյնիին վկայակոչելով։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։