Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերով թուրքական Kanal D եւ CNN TÜRK հեռուստաալիքների լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է հուշարարից:
Այդ հանգամանքը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից: Էրդողանը ուղիղ եթերով հարցազրույցի ընթացքում ժամանակ առ ժամանակ նայել է մի կետի ու ինչ-որ բաներ կարդացել։ Նրան նաեւ շշուկով ինչ-որ բաներ են հուշել:
Իր բոցաշունչ ելույթներով հայտնի Էրդողանի հետ կապված այս իրավիճակն ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը «տարօրինակ» է բնութագրել:
«Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը, սոցցանցում գրառման մեջ հիշատակելով Էրդողանի հարցազրույցի ժամանակ շշուկների և հուշարարի մասին, ասել է, որ թեեւ իշխանությունները ձգտում են տպավորություն ստեղծելու՝ իբր ամեն ինչ հաջող է ընթանում, իրականում այդ փորձերը ձախողվում են: