Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Ղիբրաձեն, հայտնելով սահմանափակումների մասին, նշել է, որ պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, նոր շտամների, հատկապես «Դելտա» շտամի լայն տարածումը։
Պետական գերատեսչություններին հանձնարարվել է աշխատակիցներին հնարավորության սահմաններում տեղափոխել հեռավար աշխատանքի:
Լիովին սահմանափակվում է փառատոների, ժամանցային միջոցառումների, համերգների եւ մարզական մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաեւ մանկական ժամանցի կենտրոնները: Սննդի կետերի աշխատանքը կեսգիշերի փոխարեն թույլատրելի կլինի մինչեւ 23։00-ն:
Հարսանիք, ծնունդ-կնունք, հոգեհաց եւ սոցիալական այլ միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով (ավելի քան 1,5 միլիոն դրամ), իսկ կրկնակի խախտման դեպքում օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:
Ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ եւ նման հաստատություններ այցելող անձինք սեպտեմբերից պետք է պատվաստված լինեն գոնե մեկ չափաքանակով կամ 72 ժամվա ընթացքում արված թեստի բացասական պատասխան ունենան:
Վրաստանի առողջապահության նախարարությունը նշել է, որ շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը կապահովի պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը կլինիկաներ: