Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին հայտնել է, որ Աֆղանստանից միջազգային ուժերի դուրսբերման գործընթացը հանգեցրել է նրան, որ Քաբուլում Եվրամիության ներկայացուցչություններում տեխնիկական աշխատանք անող շատ աֆղաններ սկսել են միջազգային պաշտպանություն խնդրել՝ երկյուղ կրելով «Թալիբան» շարժման բռնաճնշումներից:
Մասրալին ընդգծել է, որ ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին եւ իր անդամ երկրների հետ ակտիվորեն աշխատում է լուծումների որոնման ուղղությամբ՝ հավելելով, որ, սակայն, այցագրերի կամ միջազգային պաշտպանության տրամադրումը սոսկ Եվրամիության անդամ երկրների իրավասությունն է:
ԵՄ վեց երկրներ նամակ են հղել Եվրահանձնաժողով՝ ԵՄ-ի գործադիր կառույցին կոչ անելով Աֆղանստանը չներառել վտանգավոր պետությունների ցանկում, ինչը անդամ երկրներին կհարկադրեր ժամանակավոր ապաստան տրամադրել Աֆղանստանից բոլոր ներգաղթյալներին:
Ըստ այդ երկրների (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա եւ Նիդեռլանդներ)՝ Աֆղանստանի տարածքի մի մասի անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության տակ տակավին չի նշանակում, թե այդ երկիրը վտանգավոր է դարձել:
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության աշխատակիցը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Եվրահանձնաժողովի գնահատականներով՝ «Թալիբան» շարժումն այս պահին վերահսկողության տակ է առել երկրի տարածքի 65 տոկոսը, բայց հիմնական քաղաքները վերահսկում են կառավարական ուժերը:
Վտանգավոր պետությունների ցանկում Աֆղանստանի ներառման հարցը կքննարկվի օգոտոսի 18-ին ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ տեսախորհրդաժողովում:
Առցանց հանդիպմանը կքննարկվի նաեւ Լիտվայում միգրացիոն ճգնաժամի խնդիրը: Բելառուսի տարածքից այստեղ են անցնում հարյուրավոր անօրինական ներգաղթյալներ, նրանց թվում՝ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներով Եվրոպա թափանցող աֆղաններ: