«Վա՜յ, էս ձախլի՞կ ես», «Մի հատ անունս կգրե՞ս, նայեմ», «Ինձ էլ կսովորեցնե՞ս ձախով գրել», «Բա քեզ չի՞ թվում, որ թարս ես», «Մատներիդ թանաք ա»․ ծանո՞թ արտահայտություններ են, եթե այո, շնորհավորում ենք քո օրը, սիրելի՛ ընթերցող, իսկ եթե ոչ, շարունակի՛ր կարդալ՝ հետաքրքիր տեղեկություն ստանալու աշխարհի բնակչության 12%-ի մասին։
Պատմություն
Անտիկ շրջանում մարդիկ բացասական էին վերաբերվում ձախլիկությանը՝ կարծելով, որ սատանան է առաջնորդում ձախլիկներին, եւ հաճախ են մեղադրել նրանց կախարդության մեջ։ Անգամ հարսանեկան մատանին ձախ ձեռքի մատնեմատին կրելու սովորույթը սկիզբ է առել հույներից եւ հռոմեացիներից, որոնք այդպես փորձում էին կանխել ձախ ձեռքի չար ուժին։
Միայն վերջին մի քանի տասնամյակում է, որ դադարել են ձախլիկությունը արատ համարելուց։ 1990 թվականին ստեղծվել է Ձախլիկների ակումբը՝ նպատակ ունենալով աջակցելու «տուժածներին», արտադրողներին դրդելու ստանալու ձախլիկներին հարմարավետ առարկաներ, բարձրացնելու տեղեկացվածության մակարդակը։
Իսկ 1992 թվականին ակումբի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ը պաշտոնապես հռչակվել է Ձախլիկների օր։ Մինչ այդ էլ շատերն են բարձրաձայնել խնդիրները, որոնց բախվում են ձախլիկները «աջլիկների համար նախատեսված» աշխարհում։ Այս օրը նշվում է ամբողջ աշխարհում եւ տարբեր հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, իսկ հիմնական թիրախը լինում են աջլիկները՝ ստիպված լինելով խմել, կրակել ձախ ձեռքով, օգտագործել ձախլիկների համար նախատեսված իրեր, զգալ այդ անհարմարությունը։
Ձախլիկն ու առավելությունը
Զարգացած է ձախլիկների ուղեղի աջ կիսագունդը, որն էլ պատասխանատու է ստեղծարարության եւ արվեստի համար, այդ պատճառով է նկարիչների, երաժիշտների, ճարտարապետների մեծամասնությունը ձախլիկ։
Փորձերը ցույց են տվել, որ միաժամանակ մի քանի առաջադրանք ձախլիկներն ավելի արագ են կատարում, քանի որ նրանք խնդրին նայում են որպես մեկ ամբողջություն, իսկ աջլիկները միտում ունեն մասերի բաժանելու եւ վերլուծելու։
Ուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է լեզվի գործառույթի համար, ահա թե ինչու է ձախ կողմում ստացած վնասվածքը միանգամից անդրադառնում խոսքի վրա։ Աջլիկներն ունեն ուղեղի 95% դոմինանտություն, երբ խոսքը վերաբերում է լեզվին, իսկ ձախլիկների մոտ դա 70%-ի է հասնում, եւ դրա շնորհիվ կաթվածներից հետո նրանց խոսքի ունակությունն ավելի արագ է վերականգնվում։
Ձախլիկները հրաշալի լողորդ են, բռնցքամարտիկ, սուսերամարտիկ, բեյսբոլիստ, թենիսիստ։ Ներկայիս ամենահզոր թենիսիստների 40%-ը ձախլիկ է։ Օլիմպիական չեմպիոն, «Կարմիր սաղավարտ» կոչմանը արժանացած միակ թենիսիստ Ռաֆայել Նադալը իրականում աջլիկ է, բայց սովորել է ձախ ձեռքով խաղալ՝ դա համարելով առավելություն։
Նյարդաբանների կարծիքով՝ ձախլիկները նաեւ հակված են ունենալու ավելի լավ ստորջրյա տեսողություն, քան աջլիկները։
Ձախլիկն ու վտանգը
Չնայած վերոնշյալ առավելություններին՝ ձախլիկների մոտ ավելի հաճախ են արձանագրվում առողջական խնդիրներ։ Նրանք տասնմեկ անգամ ավելի հակված են տառապելու ալերգիաներից, երկու անգամ՝ գլխացավերից, եւ 94%-ն ունի քնի խանգարում։ Ձախլիկ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը։
Համացանցում նաեւ տարածված երկու տեսակետ կա, որ ձախլիկները ինը տարի ավելի քիչ են ապրում, քան աջլիկները, եւ ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում։ Սրանք փաստեր են, որոնք ամբողջովին չեն ապացուցվել։
Ձախլիկն ու ԽՍՀՄ-ը
Վստահաբար մեծահասակներից լսել ես այս արտահայտությունը՝ «Սովետի ժամանակ արգելված էր ձախով գրելը», եւ այո՛, Սովետական Միությունում ձախլիկներ «գոյություն չեն ունեցել»։ Նրանք, որոնք այնքան «անբախտ» էին եւ ծնվել էին ձախլիկ, ստիպված էին սովորել աջն օգտագործելուն։
Գաղափարն այն էր, որ նրանց համար բարդ կլիներ աշխատելը, պատերազմին մասնակցելը, քանի որ բոլոր գործիքները եւ զենքերը նախատեսված էին աջլիկների համար։ Ինչպես նաեւ խորհրդային քաղաքականությունն էր պատճառը. բոլորը պետք է միանման լինեին, իսկ ինչը «ուրիշ» էր, արհամարհվում էր։ Դպրոցներում կիրառվում էին ձախից հրաժարվելու տարատեսակ մեթոդներ՝ հոգեբանական ճնշումից սկսած մինչեւ ձախ ձեռքն աթոռից կապելը կամ քանոնով հարվածներ տալը։ Միայն 1985-1986 թվականներին դադարեցվեց այս սովորույթը. ընդունեցին, որ հոգեկան առողջության վրա լուրջ հետեւանքներ է ունենում։
Հայտնի ձախլիկները
Միացյալ Նահանգների նախագահներից եւ Արքայական ընտանիքի անդամներից մինչեւ արվեստագետ ու փիլիսոփա․ աշխարհահռչակ եւ աշխարհը փոխած մի շարք մարդիկ գրել են ձախ ձեռքով։ Նրանցից են՝ Արիստոտելը, Հենրի Ֆորդը, Լեոնարդո դա Վինչին, Նեյլ Արմսթրոնգը, Բիլ Գեյթսը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Արքայազն Ուիլյամը, Թոմ Քրուզը, ԱՄՆ վերջին ինը նախագահներից հինգը (Բարաք Օբամա, Բիլ Քլինթոն, Ջորջ Բուշ Ավագ, Ռոնալդ Ռեյգան, Ջերալդ Ֆորդ)։
Հետաքրքիր երկու վիճակագրություն եւս օրվա հերոսների մասին․ ձախլիկ բնակչության ամենամեծ տոկոսն ունի Նիդերլանդները (13,23%), այնուհետեւ՝ ԱՄՆ-ը (13,10%) եւ Կանադան (12,80%): Իսկ տղամարդ-ձախլիկները 23%-ով գերազանցում են կին-ձախլիկներին։
Եվ վերջում, պատկերացնո՞ւմ եք, աշխարհում գոյություն ունի սինիստրոֆոբիա։ Դա այն մարդկանց հիվանդությունն է, որոնք վախենում են ձախլիկներից եւ ձախ կողմում դրված առարկաներից։ Նրանք խուսափում են դիպչելուց իրենց կամ մեկ ուրիշի ձախ ձեռքին, նաեւ ցանկացած առարկայի, որը ստիպելու է առնչություն ունենալ ձախ ձեռքի հետ։