Հայաստանի երկրորդ՝ այլընտրանքային, Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանը գործում է 1961 թվականից։ Այստեղ հուլիսի 15-ից դադարեցված են թռիչքները, քանի որ 14-ամյա դադարից հետո վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։
3220 մ երկարություն, 45 մ լայնություն ունեցող թռիչքուղին վերջին անգամ վերանորոգվել էր 2007 թվականին ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով։
Վերանորոգումից հետո ծածկույթը 8-10 տարվա շահագործման ժամկետ ունի, վազքուղին, սակայն, տասնչորս տարի է ծառայել. ճիշտ շահագործման պայմաններում օգտագործման թույլտվությունը երկարացվում է։
Ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանն ասֆալտի վրա առաջացած բազմաթիվ ճաքերը «կրիտիկական» է որակում։ Ասում է՝ ասֆալտ-բետոնային նոր որակի շաղախով վերակառուցված վազքուղին ամենաքիչը տասնհինգ տարի անխափան կշահագործվի։
Հայաստանում այսօրինակ ծածկույթ կա միայն «Զվարթնոց» օդանավակայանում։ Նույն տեխնոլոգիան արտերկրում օգտագործվում է ճանապարհաշինության մեջ, որը, սակայն, Հայաստանի համար դեռեւս շքեղություն է։
Տեխնիկական տնօրենը ներկայացնում է վազքուղու շինարարական աշխատանքների մանրամասները․ «Մոտ 5 սմ հանվում է հին շերտից, բիտումով ճաքալցումից հետո հատուկ նյութերով ցանցապատվում է հին շերտը, որից հետո միայն իրականացվում է 11 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտապատում։ Վազքուղու ընդհանուր բարձրությունը 45-50 սմ կլինի»։
Վազքուղուց բացի՝ «Շիրակ» օդանավակայանում կառուցվում է նաեւ ուղեւորների սպասարկման նոր՝ ավելի ընդարձակ սրահ։
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ենթակառուցվածքների բաժնի շինարարության ղեկավար Սեւակ Թահմասյանը վստահեցնում է, որ հին սրահը ուղեւորների քանակի եւ նորմատիվների առումով չէր համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Համալիրը տարեկան սպասարկում էր 250 հազար ուղեւորի, նորակառույցում այդ թիվը կհասնի 700 հազարի, կգործեն անձնագրերի ստուգման ութ խցեր։
Նախկին՝ 400 քմ տարածք զբաղեցնող սպասարկման սրահն ընդլայնվել է՝ հասնելով 870 քմ-ի։ Ուղեւորների հարմարավետությունն ապահովելու է նաեւ նոր տեղադրված բեռնափոխադրման շարժահարթակը։
«Շիրակ» միջազգային օդանավակայանի վերակառուցման համար ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հատկացրել է 7,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 միլիոնը տրամադրվել է ժամանման սրահի, իսկ 6 միլիոնը՝ վազքուղու վերակառուցմանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է հայկական ABB project ընկերությունը, որն ընտրվել է միջազգային բաց մրցույթում։ Վերակառուցված օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերի 1-ից։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում «Շիրակ» օդանավակայանը միակն է, որը համատեղ օգտագործում են պաշտպանության նախարարությունը եւ Քաղավիացիայի վարչությունը, հետեւաբար թռիչքուղու ծածկույթը հարմարեցված է լինելու թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օդանավերի համար։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։