«Հայաստանի Հանրապետությունում անկլավներ կամ այլ պետության տարածքներ չկան: ՀՀ ցանկացած սանտիմետր մեր պետության սուվերեն տարածքն է». Երեւանի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն այսպես է արձագանքում Տավուշի նախկին մարզպետ, այժմ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարությանը, թե «Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ»:
Ալվինա Աղաբաբյանն ընդգծում է՝ Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։
Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին:
«Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը»,- ասում է նա:
Սահմանագծում-սահմանազատումը, ըստ հրապարակված լուրերի, իրականացվելու է երեք սկզբունքով՝ Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներ, աշխարհագրական նպատակահարմարություն եւ այդ պահին առկա իրավիճակ՝ «ով որտեղ կանգնած է»:
Աղաբաբյանն ընդգծում է՝ եթե Հին Ոսկեպարը հանձնվի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ասել, թե, ելնելով աշխարհագրական նպատակահարմարության սկզբունքից, ցամաքային կապ է պահանջում իր այդ անկլավի հետ, որն էլ անցնելու է Ոսկեպարի միջով: «Սա նշանակում է, որ գյուղը կանգնելու է նաեւ հայաթափման վտանգի տակ. ո՞ր հայն է ապրելու ադրբեջանցիների հետ կողք կողքի»,- ասում է նա:
Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ըստ Աղաբաբյանի՝ սա եւս կնպաստի այդ գյուղերի հայաթափմանը:
«Անկլավների» հանձնման դեպքում խնդիր է առաջանալու նաեւ նոր առաջնագծի ձեւավորման հարցում: 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց ամբողջովին կահավորված չեն Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի սահմանները, եւ դրանց կգումարվի եւս մեկ «մերկ» սահման:
Անվտանգային խնդիրներից զատ՝ տավուշցիները կունենան նաեւ տնտեսական խնդիրներ, քանի որ հնարավոր հանձնվող տարածքներում արոտավայրերի մի մասն է:
Այն շահարկումները, թե «անկլավների» հանձնման դեպքում Հայաստանին կվերադարձվի Արծվաշենը, Աղաբաբյանն անհիմն է որակում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը որեւէ իշխանական օղակի մակարդակով չի հայտարարել, թե պատրաստ է այն վերադարձնելու: Բայց թե անգամ նման բան լինի, ըստ Աղաբաբյանի, դա հայանպաստ չէ:
«Այդ գյուղը որեւէ ռազմավարական նշանակություն չունի՝ համեմատած այն տարածքների հետ, որոնք հանձնելու մասին խոսում են: Այն չի գտնվում որեւէ միջպետական ճանապարհի վրա, Ադրբեջանն էլ ոչինչ չի կորցնի»,- ասում է նա՝ ընդգծելով, թե Արծվաշենով մարդկանց խաբելն ու զգացմունքների հետ խաղալը սխալ է:
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «անկլավների» հանձնման քննարկումն անգամ անընդունելի է համարում:
Ըստ Գալչյանի՝ եթե տարածքների հանձնումը կատարվում է այն տրամաբանությամբ, որ ինչ-որ ժամանակ դրանք ադրբեջանաբնակ են եղել, ապա Ադրբեջանն էլ պետք է Հայաստանին վերադարձնի բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայաբնակ, այդ թվում՝ Արցախը:
Քարտեզագետը ներկայացնում է «Կարմիր Քուրդիստանի» օրինակը, որը հիմնելու համար 1920-1936 թվականներին, առանց տեղի հայերի համաձայնության, Հայաստանից Ադրբեջանին է հանձնվել շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք: Պատճառաբանել են, թե այդտեղ խաշնարած քրդեր պետք է բնակեցվեն, որոնց անհրաժեշտ են արոտավայրեր, իսկ Հայաստանն այդպիսի չօգտագործվող տարածքներ ունի:
««Կարմիր Քուրդաստանը» չստեղծվեց, բայց Հայաստանից տրված հողատարածքներն այդպես էլ չվերադարձվեցին»,- նշում է նա:
Տիգրանաշենի հանձնման հնարավոր ռիսկերը
Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը:
Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Ըստ Աղաբաբյանի՝ այս գյուղի դեպքում եւս Ադրբեջանը ցամաքային կապ կպահանջի. արդյունքում՝ առաջնագծի փոփոխություն, ռազմավարական բարձունքների զիջում, մոտակա գյուղերի հնարավոր հայաթափում, անվտանգային խնդիրներ:
«Տիգրանաշենի հանձնումը նոր խոսակցություն չէ. 2019-ին մայրուղի են ասֆալտապատել, ու միակ հատվածը, որտեղ աշխատանք չեն կատարել, հենց Տիգրանաշենին հարակիցն է, ինչը առիթ է ենթադրելու, որ գյուղը հանձնելու մտադրությունները 44-օրյա պատերազմից շատ ավելի վաղ են եղել»,- ասում է նա:
Ըստ ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ եթե մենք ունենայինք հայկական իշխանություններ, նրանք կձգտեին ամեն ինչ անել՝ պահելու Տավուշի եւ Արարատի մարզերի հատվածում այն սահմանը, որն այսօր ունենք, եւ կվերականգնեին Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի հատվածներում այն սահմանները, որոնք կային նոյեմբերի 9-ի դրությամբ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: