Ըստ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հարցախույզի՝ Վրաստանի բնակիչների շուրջ կեսը՝ 47 տոկոսը, չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Հարցման մասնակիցների 35 տոկոսը պատվաստվելու ցանկություն է ունեցել, 7 տոկոսը հայտնել է, որ արդեն պատվաստվել է, 11 տոկոսը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել:
Պատվաստանյութը մերժողների 20 տոկոսը նշել է, որ չի վստահում որակին, 13 տոկոսն ասել է, որ առանց պատվաստանյութի էլ կապաքինվի, 7 տոկոսը պնդել է, որ պատվաստումն «ուրիշ նպատակներ է հետապնդում», 2 տոկոսն էլ ասել է, որ սկզբունքորեն դեմ է պատվաստվելու գաղափարին:
Պատվաստված մարդը չի մահանում
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստումը համավարակին հաղթելու միակ ելքն է:
Ղարիբաշվիլին նշել է, որ արդեն փորձել են բոլոր միջոցները` արգելքներ, սահմանափակումներ, տուգանքներ եւ այլն, սակայն պատվաստումն այլընտրանք չունի: Նա ընդգծել է, որ պատվաստված մարդը չի մահանում: [Պատվաստվածների շրջանում կորոնավիրուսից մահացության աստիճանը փաստացի զրոյական է]:
Նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում կառավարության ղեկավարը բնակիչներին հորդորել է մի կողմ դնել համառությունն ու պատվաստվել:
Օրվա վիճակագրությունը Վրաստանում
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով` օգոստոսի 13-ի դրությամբ պատվաստվել է 741 353 քաղաքացի, ամբողջական պատվաստում ստացել է նրանցից 225053-ը։ Վերջին 24 ժամում պատվաստվել է 25432 մարդ։ Վրաստանում հասանելի է չորս պատվաստանյութ` Աստրազենեկա, Ֆայզեր, Սինոֆարմ եւ Սինովակ:
Երկրում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 13-ի՝ 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5359 նոր դեպք:
Նախօրեին կատարվել է 50 937 թեստ, որից 30 325-ը՝ հակամարմինների, 20 612 -ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է եւս 2726 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 415146 մարդ: Վարակից մահացել է եւս 42 մարդ, ընդհանուր՝ 6 321:
Համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում ախտահարվել է 466198 մարդ: Կորոնավիրուսով ախտահարվելու առաջին դեպքը գրանցվել է 2020-ի փետրվարի 26-ին:
Վրաստանում յուրաքանչյուր 50-րդ քաղաքացի վարակված է
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ երկրի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ երկրում համաճարակային բարդ իրավիճակ է, մոտավորապես ամեն 50-րդ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով:
Նա նշել է, որ առողջապահական համակարգը համաճարակային նման իրավիճակին դեռ կարողանում է դիմանալ, բայց «ամեն բան սահման ունի»:
«Այսօր բացարձակ ռեկորդ ունենք, երկրում միաժամանակ 50000 մարդ է վարակված: Եթե հաշվի առնենք, որ դրականության ցուցանիշը 10% է, դա նշանակում է, որ ցուցանիշը 20-25 տոկոսով ավելի է, քանի որ կան մարդիկ, որոնց վարակված լինելու մասին դեռ չգիտենք: Այսպիսով` կարելի է ասել, որ ամեն 50-րդ ու 60-րդ քաղաքացին վարակված է»,- ասել է Իմնաձեն: