Արցախցի Ալիսան հերթական անգամ Հայաստանում է։ Պատերազմի օրերին այստեղ լինելը հարկադրանք էր, անորոշ սպասում, իսկ հիմա՝ ամառային հանգստի եւ կրթվելու լավ հնարավորություն։ 14-ամյա աղջիկն ու Արցախի սահմանապահ գյուղերի այլ պատանիներ «Հայորդի» հայրենասիրական ճամբարի կազմում հյուրընկալվել են Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում, որտեղ, ինչպես պատմում են, հիանալի օրեր են անցկացրել։
Ալիսա Թավադյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Չնայած փոքր տարիքին՝ շատ վարժ ու գեղեցիկ խոսք ունի։ Բերձորում է մեծացել, այդ պատճառով է գրական հայերենով լավ խոսում։
Ծննդավայր Թաղավարդի ու նրա մարդկանց մասին հիացմունքով է պատմում։ Գյուղը շատ սիրուն է, ժողովուրդը՝ հյուրասեր, ինքն էլ հաստատ որոշել է՝ երբեք չի հեռանա այնտեղից։ Հիմա, երբ Թաղավարդի վերին հատվածը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել, մտքով անգամ չի կարողանում իրարից առանձնացնել։ Այնպիսի տպավորություն է, որ միշտ կարող եմ էնտեղ գնալ՝ ասում է։
Պատերազմի օրերին Ալիսայի ընտանիքը հազարավոր արցախցիների նման Հայաստանում մի քանի հանգրվան է ունեցել։ Զրույցի ընթացքում իրենց հյուրընկալած բոլոր մարդկանց 14-ամյա աղջիկը խորին շնորհակալություն է հայտնում՝ ասելով, որ կապ չունի, թե ինչ տեսակի օգնություն են ցուցաբերել։
«Հայորդի» ճամբարի շնորհիվ էլ Հայաստանում ստացած սիրո եւ հոգատարության չափաբաժինը կրկնապատկվել է։
«Երբեք չեմ մտածել, որ էսպիսի ճամբար կարող եմ գալ, ու կան էնպիսի մարդիկ, որ նման ծրագրեր են անում։ Բայց հիմա, երբ տեսնում եմ, թե ինչքան շատ են իրենք ու ինչքան շատ գործ են անում, երբեմն մտածում եմ, որ Արցախը մեզնից շատ են սիրում։ Էնտեղ ապրել ենք այսքան ժամանակ ու, թվում է, ոչ մի կարեւոր բան չենք արել Արցախի համար»,- ասում է Ալիսա Թավադյանն ու ավելացնում՝ այստեղից տանելու է այն սերը, հոգատարությունն ու ջերմությունը, որ կա Արցախի նկատմամբ։
Ճամբարական Շիրազ Հարությունյանն էլ Թաղավարդի մասին ասված ամեն լավ բանում համոզվելու համար իրենց գյուղ է հրավիրում․ ազատ ժամանակ ունենաք՝ անպայման մեզ մոտ եկեք, ասում է։ Արցախցի պատանին Հայաստանը շատ է սիրում, այստեղ ազգականներ էլ ունի, բայց մեկ է՝ երազում է ամբողջ կյանքում Թաղավարդում ապրել։
«Այնտեղ մեր ամեն ինչն է՝ մանկությունը, ընկերները, բարեկամները, հիշողությունները։ Ամենաշատը կուզեի, որ Վերին Թաղավարդը վերցնեմ թուրքերի ձեռքից, երեխաների համար խաղալու հարմարություններ սարքեմ, որ նրանք կտրվեն հեռախոսներից ու իրական աշխարհ մտնեն։ Ու այնպես անեմ, որ մարդիկ չհեռանան գյուղից»,- ծննդավայրի հետ կապված իր երազանքների մասին է պատմում Շիրազն ու նաեւ ասում, որ արդեն վերադառնալ է ուզում․ շատ է կարոտել Թաղավարդը։
Մարտունու Սոս գյուղից Լոռի եկած Վարդուհուն թեպետ հայրենիքը միշտ է ձգում, բայց հանգստի այս օրերն, ինչպես նշում է, հեշտ են անցնում։
«Էստեղի բնությունը որոշ չափով նման է մեր գյուղի, մեր Ղարաբաղի բնությանը։ Անտառներ, լեռներ, ամեն ինչ հիշեցնում է մեր Ղարաբաղը։ Այնպես որ, շատ չենք կարոտում»,- ասում է Վարդուհին։
Ճամբարական ընկերների նման նա նույնպես սիրահարված է իր ծննդավայրին։ Փոքր բաների մասին անգամ մեծ ոգեւորությամբ է պատմում։ Ասում է՝ գյուղը պատերազմից շատ չի տուժել, իսկ դրանից հետո փոխված միակ բանը մարդկանց տրամադրությունն է․ գյուղից ութ զոհ են ունեցել։ Միեւնույն ժամանակ, սակայն, ավելի քաջ են դարձել ու կրակոցներից առաջվա պես չեն վախենում՝ ասում է։
Վարդուհի Հովսեփյանը հաջորդ տարի կավարտի Սոս գյուղի միջնակարգ դպրոցը։ Ռուսերենի ուսուցիչ է դառնալու․մանկուց է երազել։ Ասում է՝ կաշվից էլ դուրս կգա, բայց ամեն ինչ անելու է հայրենիքի բարելավման ու բարգավաճման համար։
Սարուշեն, Կարմիր Շուկա, Թաղավարդ, Մաճկալաշեն, Կոլխոզաշեն, Սոս եւ Ակնաղբյուր սահմանամերձ գյուղերից են «Հայորդի» հայրենասիրական ճամբարի մասնակից 40 պատանիներն ու աղջիկները։ Նրանք հիմնականում պատերազմում վիրավորված, անհետ կորած կամ զոհված հերոսների ընտանիքներից են։
Ճամբարի նախաձեռնությունը Վաչե Վարդանյանինն է։ Պատերազմից հետո նա Երեւանից Արցախ մշտական բնակության է տեղափոխվել եւ իր շուրջը համախմբել կամավորների՝ Արցախին ու արցախցիներին օգնելու, նրանց դժվարին կյանքը փոքր-ինչ թեթեւացնելու նպատակով։
«Հայորդի» ճամբարն իրականացնելու գործում Վաչեին աջակցել է «Խարույկ» արշավական ակումբ նախաձեռնությունը, որի անդամներից է ջոկատավար Սիմա Օհանյանը։
«Գաղափարական շատ աշխատանք ենք տանում երեխաների հետ․ զրույցներ, ազգային երգ ու պար, մասնագիտական կողմնորոշման եւ այլ դասընթացներ, մաթեմատիկայի, անգլերենի պարապմունքներ, կինոդիտում, վիկտորինա, արշավներ, ծանոթություն մեր մշակութային ժառանգությանը եւ այլն։ Երեխաներին բաժանել ենք չորս ջոկատի եւ ամեն ջոկատ անվանել հայ որեւէ գործչի անունով՝ Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Մոնթե Մելքոնյան։ Այնպիսի մեծերի ենք ընտրել, որ նրանց գործունեության ոլորտը չկրկնվի, երեխաներն էլ ավելի շատ բան սովորեն»,- պատմում է ջոկատավարն ու ավելացնում, որ Թումանյանի աշխարհում գտնվելու հանգամանքը ազդակ է եղել՝ ճամբարականներին Դսեղում գտնվող նրա տուն-թանգարան, ինչպես նաեւ Հաղպատի, Սանահինի, Քոբայրի եւ Օձունի եկեղեցիներ տանելու համար։
«Հայորդի» ճամբարը նաեւ հյուրեր է ունեցել։ Արցախցի պատանիների համար առաջին բուժօգնության դաս է արել պատերազմին կամավորագրված բժիշկ Հայկազ Հարությունյանը։
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորներն էլ կրակային պատրաստության դասընթաց են անցկացրել։ Ճամբարականներին այցելել են նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է պատերազմում։ Նա երեխաներին պատմել է որդու մասին, ապա երկու գիրք նվիրել ճամբարին։
Ջոկատավար Սիմա Օհանյանն ասում է՝ գրքերը փոխանցվելու են Արցախին․ Վաչե Վարդանյանն այնտեղ շարժական գրադարան ունի, որի ընթերցողները տարբեր դիրքերում ծառայող զինվորներն են։
Արցախի պետական համալսարանի տուրիզմի բաժնի ուսանող Հայկը «Հայորդի» ճամբարի ջոկատավարներից է։ Ինչպես ինքն է ասում՝ Վաչեենց թիմից։ Իսկ դա նշանակում է, որ կամավորության սկզբունքով տարբեր գործեր է անում։
«Սահմանապահ գյուղերի երեխաների կյանքն անցնում է թշնամու կրակոցների տակ, ու ամեն օր ամեն ինչ նույնն է։ Եվ էնտեղ գտնվելով՝ նրանք չեն կարողանում ապրել իրենց կյանքն ու ուղղակի վայելել այն, ապրել էնպես, ինչպես կարող էին ապրել, եթե այդտեղ չլինեին։ Բայց բոլորն այնտեղ են, ավելին՝ նպատակ չունեն էնտեղից դուրս գալու, իսկ մենք էլ անում ենք ամեն ինչ, որ իրենք կարողանան շնչել ամբողջ կրծքավանդակով, ավելի լավ զգալ ու չկաշկանդվել»,- ասում է Հայկ Հարությունյանը։
«Երեխաների հետ կապը մշտապես պահելու ենք, աջակցենք նրանց, որ իրենց գյուղերում էլ իրենք դառնան առաջնորդ, փորձեն ինչ-որ բան փոխել դեպի լավը»,- ամփոփելով ասում է Սիմա Օհանյանը։
«Հայորդի» հայրենասիրական ճամբարն իրականություն է դարձել բացառապես անհատների ներդրումների շնորհիվ։ Անհրաժեշտ գումարի հավաքումն իրականացրել է «Խարույկ» արշավական ակումբ նախաձեռնության անդամ Արման Կոմշույանը։ Իսկ ճամբարականների տեղափոխումը կազմակերպել է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։