Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի հարցը շարունակում է մնալ օրախնդիր: Ստեփանակերտի բնակիչներին գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում ՆԳՆ ԱԻՊԾ-ի եւ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի համատեղ ստեղծված աշխատանքային խումբը: Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով եւ որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաեւ տարեց եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Ջրի խնդիր ունի Արցախի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը:
Երեկ ամբողջ գիշեր ջրամատակարարումը շարունակվել է, աշխատանքին հետեւել է ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: Աշխատանքն այսօր վերսկսվել է լուսաբացին եւ կշարունակվի մինչեւ ուշ գիշեր:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երաշտի պատճառով քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով օգոստոսի 11-ին քաղաքում գործող ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցնելու որոշում է ընդունել:
Ջուր՝ ինքնիշխանության դիմա՞ց
Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին հաղորդել է նաեւ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը:
Ըստ ադրբեջանական պետական հեռուստաընկերության՝ ԼՂ մայրաքաղաքում խմելու ջրի վիճակը ճգնաժամային է, քանի որ «Շուշիից հեռանալիս հայերը վնասել են քաղաքի խմելու ջրի խողովակը»:
Ջրային հարցերով ադրբեջանցի մասնագետ Ռոշան Աբասովն ասել է, թե Ադրբեջանի ուժերը տեղակայված են այս տարածքի երկու կողմերում, հետեւաբար առանց Ադրբեջանի հետ համագործակցության տարածաշրջանի ջրամատակարարումն անհնար կլինի:
Հեռուստաընկերությունն իր հերթին հավելել է, որ ադրբեջանական կազմակերպությունը Շուշիում ջրամատակարարման նոր խողովակաշար է կառուցում, եւ «եթե հայերը ցանկանում են, որ իրենց համար նոր ջրամատակարարման խողովակաշար կառուցվի, Ադրբեջանի քաղաքացիություն պիտի ընդունեն»: