Մեր ակնկալիքները՝ կապված ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահ երկրների «ավելի հայանպաստ» կեցվածքից ենթադրվող հեռնակարի հետ, բացարձակապես զգացմունքային են: Որեւէ քաղաքական գործիչ, փորձագետ կամ վերլուծաբան հակառակն ապացուցող հիմնավորում չունի:
Համանախագահների վերջին հայտարարությունը, թվում է, պետք է մղեր սթափ վերլուծությունների եւ պրագմատիկ մշակումների գոնե իշխանական թեւին, բայց եթե հետեւենք տեղեկատվական հոսքերին, կհամոզվենք, որ հենց այդ եւ դրան մերձ շրջանակներից է գեներացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ համապարփակ կարգավորման հնարավորության տեղեկատվաքարոզչական «մատրիցան»:
Ավելի քան երկու տասնամյակ հայկական իշխանությունները նույն քարոզչակաղապարով հանրությանը ներշնչում էին, որ առկա է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայնորեն ամրագրելու հնարավորություն, թեեւ առարկայական բանակցություններ ընթանում էին, հատկապես Կազանի ձախողումից հետո, բոլորովին այլ տրամաբանությամբ:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո իրավիճակն, իհարկե, համեմատության ոչ մի եզր չունի 2016-2017 թվականների, առավել եւս դրան նախորդած շրջանի հետ: Նույնիսկ ապրիլյան քառօրյայից հետո հայկական դիվանագիտության զինանոցը շատ ավելի մարտունակ եւ համակարգված էր, քան այսօր:
Նորընտիր խորհրդարանում օրերս բանավիճում էին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիա՞ է, թե՞ ոչ: Իշխող ուժն, իհարկե, հիմնավորում է, որ կապիտուլյացիան բոլորովին այլ ռեժիմ է ենթադրում եւ ֆորմալ առումով ճիշտ է: Բայց Հայաստանը դադարել է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը լինելուց: Ի՞նչ բնույթի քննարկումներ կարող են լինել, կլինե՞ն արդյոք, թե՞ ոչ՝ կապված ԼՂ ապագայի հետ, արդեն, կարծես, Հայաստանի իրավասությունից դուրս հարցադրումներ են:
Խնդիրը կարող է դիտարկվել կա՛մ ռուս-ադրբեջանական երկխոսության (Ստեփանակերտի մասնակի ներգրավմամբ), կա՛մ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջեւ խորհրդատվությունների ձեւաչափում: Ընդ որում՝ հարցն այլեւս ԼՂ քաղաքական ինքնորոշումը չի լինի, այլ որոշակի տարածքում որոշակի թվով հայ բնակչության ազատ ապրելու եւ ինքնակազմակերպման-ինքնակառավարման որեւէ մոդելի համաձայնեցում:
Նախկին մշակումները՝ Կազանը, Լավրովի պլանը, դրա վերջին մոդիֆիկացիան, որ կողմերին ներկայացվել է 2019-ին, այլեւս անցյալ-կորուսյալ են: Այլապես համանախագահները կողմերին չէին առաջարկի մշակել սեփական նոր օրակարգ եւ փորձել այդ հիմքով վերսկսել բանակցությունները: Սա է, ահա, Հայաստանի կապիտուլյացիան:
Մեկնումեկը պիտի ասի՞ այս ճշմարտությունը: Չէ՞ որ նաեւ երկու տասնամյակ տեւած մանիպուլյացիայի հետեւանք էր քառասունչորսօրյա պատերազմը: Եվ մարդիկ նույնիսկ Ստեփանակերտում են արդեն խոսում, որ եթե ժամանակին իշխանությունները պարզ, մատչելի բացատրեին, հիմնավորեին, որ կարգավորման տարբերակը մեկն է՝ տարածքների վերադարձ՝ Լաչինից եւ Քելբաջարից բացի, միջանկյալ կարգավիճակ, խաղաղապահ առաքելություն, կոմունիկացիաների բացում եւ այլն, ապա ժողովուրդը կհամաձայներ:
Այս փուլում էլ, սակայն, նույն մանիպուլյատիվ մոտեցումն է: Երեւի՝ դարձյալ այն տրամաբանությամբ, թե կգան ավելի լավ ժամանակներ: Իսկ աշխարհաքաղաքական միջավայրը ոչ միայն չի բարելավվում, այլեւ ավելի ու ավելի է «վառոդ շնչում»: Վաղը, հինգ տարի, մեկ տասնամյակ հետո ինչպիսին է լինելու ուժերի գլոբալ դասավորվածությունը, ինչ «կարգեր են հաստատվելու» Հարավային Կովկասում՝ ոչ ոք չի կարող կանխատեսել:
Իսկ կյանքը հրամայաբար պահանջում է իրենը: Արցախում մարդիկ չափազանց զգայուն են: «Օդի տատանումն» իսկ հարցականներ է ծնում: Մենք տասնամյակների ժամանակ չունենք, չենք էլ ունեցել: Հակառակ դեպքում սեպտեմբերի 27-ը չէր պայթի: Վատնված ամեն մի օրը անդառնալի կորուստ է: Ուստի Հայաստանի իշխանությունը պարտավոր է ձերբազատվել «պողպատե մանդատի» գայթակղությունից, նախաձեռնել քաղաքական ազդեցիկ դերակատարների, ազգային կառույցների ներգրավմամբ լուրջ քննարկումներ եւ անցնել նախաձեռնողական քայլերի:
Մի օր հայ-ադրբեջանական սահմանը որոշարկվելու է, եւ դա հաստատ Օմար-Հորադիզ-Խուդափերին գիծը չի լինելու: Չէր էլ կարող այդպես լինել: Բայց Հայաստանը մի զորեղ հաղթաթուղթ ունի, որ կարելի է ձեւակերպել այսպես. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանը՝ որպես ԽՍՀՄ փլուզմամբ անկախություն ձեռք բերած պետություն, բայց Ադրբեջանը ճանաչո՞ւմ է իրեն որպես այդպիսին»:
Որովհետեւ Ադրբեջանը հետխորհրդային միակ պետությունն է, որ սահմանադրությամբ հրաժարվել է ԽՍՀՄ ժառանգորդությունից: Եթե այս հարցը միջազգայնորեն կամ երկկողմ պայմանավորվածությամբ իրավական կարգավորում է գտնում, ապա ԼՂ խնդիրը մնում է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր համաձայնության տիրույթում: Այս դեպքում Բաքվի խաղաքարտերի մեծագույն մասը մարվում է ինքնին:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։