Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը երեկ ուշ երեկոյան այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վագըֆ, որը Հաթայի (Անտիոք) նահանգում է` Մուսա լեռան ստորոտին՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Պատրիարքի այցի մասին «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ պատրիարքությունից: Այցելության առիթը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է, որի նախօրյակին նույնպես արարողություններ են տեղի ունենում հայկական եկեղեցիներում:
Վագըֆում ապրող հայ գյուղացիները պահպանում են ազգային եւ կրոնական բոլոր ավանդույթները, ժողովրդական սովորույթներն ու տոնակատարությունները: Ժողովրդական տոնակատարություններից հայտնի է Վագըֆում Սուրբ Աստվածածնի նավակատիքին պատրաստվող հարիսան, խաղողօրհնեքը, Մուսա լեռան նշանավոր «տավուլ-զուռնա»-ի (դհոլ-զուռնայի) նվագակցության ցուցադրությունը:
Հարիսայի արարողությունը մուսալեռցիները կատարում են նաեւ Մուսա լեռան ազատամարտի տոնի առթիվ: Վագըֆում գործում է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի բակում շրջանի այլ բնակավայրերից եւ արտասահմանից Վագըֆ գնացած հայ ուխտավորներ են գիշերում Աստվածածնի տոնի առթիվ:
«Վաքըֆ գյուղը թանկագին ներկայություն է մնում համայն հայության համար»,- գյուղացիների հետ հանդիպմանն ասել է պատրիարք Մաշալյանը:
Վագըֆը Մուսա լեռան վեց հայկական գյուղերից մնացած միակ գյուղն է: Այնտեղ այսօր Մուսա լեռան բարբառով խոսող մոտ 80 հայ է ապրում, գյուղապետն է Պերճ Գարթունին: