Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակ ապամոնտաժվել ու հեռացվել է, եւ տարածքն ամբողջությամբ մաքրվել է:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) հրապարակել է ապրիլի 10-ին եւ հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երեւում է, որ ի տարբերություն առաջին պատկերի` երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից բացակայում են:
Կազմակերպությունը ադրբեջանական իշխանությունից պահանջել է բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը։
«Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի այս գործերի վիճակով: Կովկասյան ժառանգության պաշտպանությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հայտնելու առգրավված քանդակների գտնվելու վայրը եւ տեղեկացնելու, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Քանդակների հեղինակների թվում են Իսահակ Ապրեյանը, Ռոբերտ Ասկարյանը, Վիգեն Ավետիսը, Մայա Ավագյանը, Արա Բադալյանը, Բագրատ Բալաբեկյանը, Լուկա Կալոն, Անտոնիո դի Տոմասոն, Հայկ Հակոբյանը, Սպարտակ Հարությունյանը, Անանիա Քոչարյանը։