75 տարվա ընթացքում Հայաստանը տարածքով ընդարձակվել է չորս անգամ՝ 1918 թվականի 10-12 հազար քառակուսի կիլոմետրից հասնելով 42 հազարի 1994 թվականին: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը քառապատկվել է: Եթե 1918-20-ական թվականներին Հայաստանի բնակչությունը եղել է 800 հազարի սահմաններում, ապա 1980-ականների վերջերին անցել է 3 միլիոնից:
Հայաստանի ընդարձակման եւ նեղացման՝ ստատուս-քվոների փոփոխության պատճառները եղել են տարբեր՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Երբեմն արտաքին դերակատարների եւ միջազգային հանգամանքների պատճառով կորցրել եւ կամ ձեռք ենք բերել տարածքներ:
1918 թվականի մայիս-հունիսին Հայաստանը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Հիմնադրման օրերին` 1918-ի հունիսին, Բաթումում գծվեց հայ-թուրքական սահման, մինչդեռ մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանները մնացին վիճելի, իսկ հաշտարարի դերում Օսմանյան կայսրությունն էր մինչեւ Մուդրոսի զինադադար, որով թուրքերը պարտված ճանաչվեցին:
Հիմնադրումից վեց ամիս անց՝ 1918-ի նոյեմբերից, սկսվեց հանրապետության ընդարձակումը: Այն նախ եւ առաջ պայմանավորված էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը սկսեց զորքերը դուրս բերել գրավյալ հայկական հողերից: 1919-ի գարնանը եւ ամռանը Հայաստանն էլ ավելի ընդարձակվեց, երբ բրիտանական 3000-անց զորքի օգնությամբ եւ անմիջական մասնակցությամբ Հայաստանին միացվեցին Նախիջեւանն ու Կարսը: Այսպիսով` հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց Հայաստանը տարածքով ընդլայնվեց գրեթե վեց անգամ:
Հայաստանը կարող էր է՛լ ավելի ընդարձակվել նույն այդ ժամանակահատվածում, եթե Արցախը եւս միացվեր Հայաստանին, սակայն նույն բրիտանացիները Արցախի եւ Զանգեզուրի հարցում այլ քաղաքականություն էին վարում եւ ամեն կերպ փորձում հայկական այդ երկու շրջանները միացնել Ադրբեջանին: Տեսնելով հայկական կողմի համառությունը՝ բրիտանացիները նախկինի նման այլեւս չէին պնդում Զանգեզուրի կցումը Ադրբեջանին:
Սա օրինակներից մեկն է, թե ինչ ճակատագրական նշանակություն են ունենում մեծ տերությունները փոքր ժողովուրդների կյանքում՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստով:
1919-ի ամռանը Հայաստանի տարածքը փոքրացավ, երբ մենք չկարողացանք պահել Նախիջեւանը: Այն գրավեցին թուրք-թաթարական ուժերը, իսկ արդեն 1921-ին այդ գրավմանը փաստաթղթային տեսք տվեցին ռուս բոլշեւիկներն ու թուրք քեմալականները Մոսկվայում եւ Կարսում:
1920-ի ամռանը Հայաստանի տարածքը էլ ավելի նեղացավ, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին փաստաթուղթ ստորագրել եւ ժամակավորապես հրաժարվել Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի հանդեպ հավակնություններից: Նույն տարվա աշնանը սկսվեց քեմալականների հարձակումը արեւմուտքից, եւ մենք կորցրինք Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն եւ Ալեքսանդրապոլը (Գյումրի):
1920 թվականի օգոստոսից նոյեմբեր Հայաստանը կորցրեց իր տարածքի գրեթե կեսը:
Այսպիսով` 1918-ի կեսերին Հայաստանն ուներ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ տարի անց՝ գրեթե 60 հազար, իսկ 1920-ի ուշ աշնանը՝ մոտ 30 հազար: Ստատուս-քվոների այս փոփոխությունները, լինեն դրանք Հայաստանի օգտին կամ ի վնաս Հայաստանի, պայմանավորված են եղել ինչպես միջազգային իրադրությամբ եւ մեծ տերությունների թելադրանքով, այնպես էլ Երեւանի վարած քաղաքականությամբ:
Եթե 1920-ի կեսերից թափ չառներ բոլշեւիկ-քեմալական գործակցությունը, որի զոհերից առաջինը Հայաստանն էր, գուցե իրականություն դառնար հայկական երազանքը՝ Սեւրը: Այդ շրջանում Հայաստանի սահմանները պետք է առավել ընդլայնվեին եւ հասնեին 160 հազար քառակուսի կիլոմետրի: Բայց այդպես չեղավ. Սեւրի ստորագրումից ամիսներ անց Հայաստանը թուրքական ներխուժման եւ սպառնալիքների տակ հրաժարվեց Սեւրից եւ ապա խորհրդայնացվեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, իսկ 1922-ին մաս կազմեց ձեւավորվող ԽՍՀՄ-ին:
Խորհրդային 70 տարիների ընթացքում Հայաստանը մնաց 30 հազար քառակուսի կիլոմետր եւ 1991-ին անկախացավ այդ տարածքի վրա: Փոխարենը տեղի ունեցավ հայոց պատմության մեջ ամենամեծ հայահավաքը: Եթե 1926 թվականին ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով Խորհրդային Հայաստանի բնակչությունը 880 464 հոգի էր, ապա ԽՍՀՄ վերջին, 1989-ի մարդահամարի տվյալներով, 3,304,776 էր:
88-ի Արցախյան շարժումը երեք տարի անց վերաճեց պատերազմի: Զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցան ստատուս-քվոյի բազմաթիվ փոփոխություններ՝ ի վնաս եւ հօգուտ հայերի: 1994-ի մայիսին հաստատվեց անժամկետ զինադադար, եւ հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա:
Ստատուս-քվոյի փոքր փոփոխություն տեղի ունեցավ 2016-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը կարողացավ գրավել երկու հողաշերտ Արցախի վերահսկողության տակ գտնվող հարավ-արեւելքում եւ հյուսիս-արեւելքում՝ մոտ 800 հեկտար:
2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրեց 8000 քառակուսի կիլոմետր տարածք:
Այսօր Հայաստանի տարածքը 30 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում է, իսկ Արցախից մնացել է 3000 քառակուսի կիլոմետրից պակաս հող, որի անվտանգությունը պատվիրակվել է Ռուսաստանին եւ ռուսական խաղաղապահ ուժերին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։