Ադրբեջանի՝ Իսրայելի հարցերով խորհրդական Արիե Գուտը Jewish News-ին տված հարցազրույցում ընդգծել է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման կարեւոր նոր փուլի փաստը:
Իսրայելում Ադրբեջանի առեւտրի եւ զբոսաշրջության ներկայացուցչությունների բացումը նա Թել Ավիվում դեսպանատուն բացելու ուղղությամբ Բաքվի առաջին քայլն է համարել:
Իսրայելում Բաքվի ոչ պաշտոնական դեսպանատուն հանդես եկող «Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոնի» ղեկավարը հայտարարել է, որ թեեւ Ադրբեջանն այժմ Իսրայելում դեսպանատուն չունի, սակայն 30 տարի շարունակ ամուր, բազմազան ու սերտ հարաբերություններ է պահպանում Թել Ավիվի հետ:
Հարցազրույցում Գուտն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ հրեաները կարեւոր դեր են խաղում Ադրբեջանի հասարակական եւ քաղաքական կյանքում։
Իսրայելական զենքի գործոնը Արցախյան երկրորդ պատերազմում
Թվարկելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում կիրառված իսրայելական զենքերը՝ NSV գնդացիրներ, SandCat-Stormer զրահապատ մեքենաներ, SPIKE-ER, NLOS, LAHAT, հակատանկային հրթիռներ, SPEAR ականանետեր եւ Orbiter-1KM, Orbiter-2B, Orbiter-3B, Orbiter-4, Aerostar-BP, Heron, Hermes-450, Hermes-900 və Harop ԱԹՍ-ներ եւ այլն, նա հայտարարել է, որ Ադրբեջանը պարտական է Իսրայելին: Գուտն ընդգծել է, որ Բաքվի ու Երեւանի միջեւ թշնամանք կա:
Ադրբեջանը հուլիսի վերջին առեւտրային ներկայացուցչություն է բացել Թել Ավիվում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում։ Բացման արարողությանը մասնակցել է նաեւ Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովը։
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը թվիթերյան էջում գրել է, թե օրը պատմական է երկու երկրների հարաբերություններում։
Թել Ավիվը միշտ աջակցել է Բաքվին
«Ադրբեջանն իր առեւտրային ներկայացուցչությունը բացեց Թել Ավիվում, եւ առաջին անգամ ադրբեջանական դրոշը կծածանվի Իսրայելում։ Սա ավելի կմերձեցնի մեր երկրներին ու ժողովուրդներին, կստեղծի հնարավորություն մեր հարաբերությունների ամրապնդման ու բազմակողմանիության համար»,- գրել է դեսպանը։
Իսրայելում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ։ Հանդիպման ընթացքում Ջաբարովը նշել է, որ Թել-Ավիվն Արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո միշտ աջակցել է Բաքվին։
Ջաբարովը հանդիպել է նաեւ Իսրայելի բնակարանային քաղաքականության եւ շինարարության նախարար Զեեւ Էլկինի հետ եւ քննարկել Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում իսրայելական ընկերությունների մասնակցության հարցը։
Բաքվի եւ Թել-Ավիվի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին, սակայն Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։