Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին ուղղված նամակում հայտնել է, որ ԱՄՆ-ը սառեցրել է կալանավորների ազատ արձակման գործարքը:
«Դոմինիկ Ռաաբ, դուք ավելի շատ, քան ցանկացած մեկը, տեղյակ եք, որ տասը կալանավորների, դրանց թվում նաեւ Անուշե Աշուրիի ազատ արձակման գործարքը կնքվել էր մի քանի շաբաթ առաջ, սակայն Վաշինգտոնում ձեր բարեկամները սառեցրել են այն»,- գրել է Արակչին Թվիթերի իր էջում:
Նա հավելել է, որ Աշուրին եւ ինը կալանավորները Միացյալ Նահանգների քաղաքական պատանդներն են: «Հուսով եմ, որ դուք դա կբացատրեք ձերոնց»,- հավելել է Արակչին:
Արակչին այդ հայտարարությունն արել է ի պատասխան Ռաաբի թվիթերյան գրառման, որում վերջինս գրել է, թե Անուշե Աշուրի ձերբակալման չորրորդ տարում Իրանին կոչ է անում ազատ արձակելու նրան եւ ինքնագլուխ ձերբակալած բոլոր բրիտանահպատակ երկքաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան միանալ իրենց ընտանիքներին: «Նրանց շարունակվող կալանքը միանգամայն անհիմն է»,- ընդգծել է Ռաաբը: