Պեկինում Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) դեսպան Լի Ռըն Նամը քննադատել է կորեա-ամերիկյան զորավարժությունները, որոնք, ըստ նրա, սրում են տարածաշրջանի անկայունությունը եւ անհնար դարձնում Սեուլի եւ Պհենյանի միջեւ խաղաղ բանակցությունների առաջխաղացումը։
Չինական Global Times-ին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է չինական իշխանությունների հետ պատասխան միջոցներ ձեռնարկելու ընդդեմ Միացյալ Նահանգների, որը սպառնալիք է երկու երկրների համար։
Դեսպանը պնդել է, թե Վաշինգտոնը ձգտում է ուժեղացնելու իր ռազմական ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ըստ Լի Ռըն Նամի՝ Միացյալ Նահանգները ձգտում է դաշնակից երկրների օգնությամբ է՛լ ավելի հզոր բանակային ցանց ստեղծելու, որի միջոցով ամերիկյան կողմը ճնշում կգործադրի Չինաստանի վրա եւ աստիճանաբար նրա շուրջը կստեղծի շրջափակման ռազմավարական օղակը։
Կորեացի դեսպանն ընդգծել է, թե Պհենյանում հերթական անգամ համոզվում են, որ Պեկինը ճիշտ է վարվում՝ ուժեղացնելով իր պաշտպանական հզորությունը։
Լի Ռըն Նամը նշել է, որ ԱՄՆ-ը իր զորքերը պետք է դուրս բերի Կորեական թերակղզուց։ «Քանի դեռ ամերիկյան ռազմական կոնտինգենտը ներկա է Հարավային Կորեայում, մեզ երբեք չի հաջողվի լուծել մշտական լարվածություն առաջացնող խնդիրը»,- շեշտել է դեսպանը։
Նա պնդել է, թե Արեւելյան Ասիայում լարվածությունն ուժեղացնելով՝ Միացյալ Նահանգները վնասում է ինքն իրեն եւ վաղ թե ուշ հատուցելու է իր արարքների համար։