Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սփյուռքում ամենամեծ միջոցառումը տեղի է ունենում Լիբանանի Բիքֆայա շրջանի Սուրբ Աստվածածին վանքում եւ նրա շրջաբակում: Դեռեւս Վերափոխման տոնին նախորդող շաբաթն այստեղ անցկացվում են առավոտյան աղոթքի եւ խորհրդածության ժամեր: Հավատացյալները մեկ շաբաթ շարունակ այցելում են Բիքֆայա՝ հաղորդակից լինելու Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի խորհրդին: Եվ քանի որ Վերափոխման տոնը նաեւ Ս. Աստվածածին վանքի ուխտի օրն է, ուխտավորները շաբաթավերջին գիշերում են վանքում:
Այստեղ են անցկացվում նաեւ Վերափոխման տոնից անբաժան ժողովրդական տոնակատարությունները՝ խաղողօրհնեքն ու հարիսայի պատրաստման արարողությունները: Ինչպես տեղեկացանք Բիքֆայայի հայկական կրոնական համալիրից, կորոնավիրուսի եւ Լիբանանում տնտեսական ծանր կացության պատճառով արդեն երկու տարի է՝ այս օրը հարիսա չի եփվում Բիքֆայայում, բայց խաղողօրհնեքը, պատարագն ու այլ արարողություններ անցկացվում են: Այս տարի կատարվել է միայն աղօրհնեք, հավատացյալները հարիսայի փոխարեն պարզապես օրհնված աղ են տարել իրենց տները, խաղողօրհնեքի եւ պատարագի արարողությունները նախատեսված են այսօր երեկոյան, իսկ ուխտագնությունը սկսվել է ուրբաթ:
Բիքֆայայի Դպրեվանքի հոգեւոր տեսուչ Տ. Պարույր Վրդ. Շերնեզյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի որոշմամբ հարիսայի փոխարեն այս տարի պարզապես գումար է բաժանվելու կարիքավորներին:
Լիբանանի ծանր տնտեսական կացությունն իր ազդեցությունն է ունեցել նաեւ հավատացյալների՝ տաղավար տոների առթիվ եկեղեցուն արվող նվիրատվությունների վրա: Նախկինում բազմաթիվ հավատացյալներ ոչխար կամ ոչխար գնելու գումար էին նվիրաբերում Աստվածածնա վանքին, ոչխարները մորթվում էին, եփվում էր ավանդական հարիսան եւ իբրեւ մատաղ բաժանվում այս տոնի առթիվ: Այս տարի նվիրատվություններ չեն եղել:
Բիքֆայայի Դպրեվանքի հոգեւոր տեսուչ Պարույր վարդապետ Շերնեզյանը մեզ հետ զրույցում ասում է, որ երկրի տնտեսական կացությունն ամեն ինչի վրա է ուղղակիորեն անդրադարձել, բայց ո՛չ հոգեւորի, աղոթքի եւ խորհրդածության այն ժամերի վրա, որ հավատացյալ հայերն անցկացնում են Բիքֆայայում: «Ժողովրդի համար միակ խաղաղությունը, մխիթարանքն աղոթքի մեջ է: Ամեն օր աղետի, դժվարության մասին նոր լուր ենք լսում: Լիբանանի ծանր տնտեսական, քաղաքական այս օրերին ժողովրդին հույս են տալիս աղոթքը, հոգեւոր աշխարհին ավելի կառչելը, այս վանքը՝ իր հոգեպարար մթնոլորտով: Տեսնում ենք, որ հավատացյալները գալիս են՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը խնդրելու, եւ հոգեւոր այս ջանքը կարծեք անապատի մեջ ջուր է, որ կթափվի»:
Պարույր վարդապետ Շերնեզյանը նաեւ պատմում է, որ Բիքֆայայի հայկական համալիրը՝ Սուրբ Աստվածածին վանքն իր եկեղեցով, Նահատակների խորանով, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը եւ հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանով եւ հարակից վանական կառույցներով նվիրական վայր է ոչ միայն լիբանանահայության, Կիլիկիո կաթողիկոսության, այլեւ ողջ սփյուռքի համար: «Բիքֆայայի Դպրեվանքը մեծ դեր է կատարում՝ հայ հոգեւորական սերունդներ պատրաստելու եւ նրանց ժողովրդի մոտ ծառայության ուղարկելու գործում: Այստեղ պատրաստվող հոգեւորականները թե՛ մեր եկեղեցիները հավատքով ամուր պահելու եւ թե՛ նաեւ մեր ժողովրդի արժեքները, սկզբունքները, մշակույթը տարածելու գործում մեծ դեր ունեն: Դեռ սրան էլ ավելանում է նահանջող եւ վտանգի տակ հայտնված արեւմտահայերենը պահելու խնդիրը, ուրեմն Դպրեվանքը մնում է ամենակարեւոր դերն ունեցող կառույցների մեկը սփյուռքում: Այդ պատճառով մենք ուզում ենք ամեն գնով այս հաստատությունը լավ պայմաններում պահել»,- ասում է այս տարեսկզբին պատմական Դպրեվանքի հոգեւոր տեսուչ նշանակված հոգեւորականը:
Հայտնի է, որ Դպրեվանքում են հոգեւոր կրթություն ստացել Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո տասնյակ կաթողիկոսներ, թեմական առաջնորդներ, սփյուռքի եկեղեցիներում ծառայող մեծաթիվ հոգեւորականներ: Այսօր էլ, ինչպես ասում է հոգեւոր տեսուչը, Դպրեվանքը շարունակում է սաների ընդունել, 40 հոգի ուսանում են, նոր ուսումնական տարվա ընդունելությունը սկսված է, հույս ունեն սաների թիվը հասցնելու 50-ի: Լիբանանից բացի Դպրեվանք են գնում Սիրիայից, Իրանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, ունեցել են եւ այսօր էլ ունեն նաեւ հայաստանցի ուսանող:
Աստվածածնին նվիրված տոներից բացի` Բիքֆայայում նաեւ այլ միջոցառումներ են տեղի ունենում, ինչպես 2015-ի մյուռոնօրհնեքը, համահայկական այլ ձեռնարկներ, համերգներ եւ այլն: Մեր զրուցակիցն ասում է, որ Բիքֆայա այցելողները հատուկ երկյուղածություն ունեն Ս. Աստվածածնի կերպարի հանդեպ: «Ուրախ ենք, որ հայերս այստեղ Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի ունենալուց բացի համանուն վանք ունենք: Ընդհանրապես Լիբանանի քրիստոնեական գրեթե բոլոր համայնքներն այստեղ հատուկ հարգանք, երկյուղ, սեր ունեն Սուրբ Աստվածածնի հանդեպ, հայտնի է Լիբանանի խորհրդանիշ համարվող Տիրամոր արձանը՝ Հարիսսայի բարձունքին: Իսկ մենք՝ հայերս, ուրախ եւ հպարտ ենք, որ Լիբանանում, Աստվածածնի անունով եկեղեցի ունենալուց բացի, ունենք նաեւ Սուրբ Աստվածածնին նվիրված վանք: Հայտնի է, որ հայ ժողովուրդն իր եկեղեցիներն ամենաշատը կոչել է Աստվածածնի անունով, մինչեւիսկ պատմական Հայաստանում «Չարխափան Սուրբ Աստվածածին» անունով եկեղեցի ենք ունեցել: Եվ այս վանքն այս բարձունքին վեր է խոյանում նաեւ ի վրեժ այն տասնյակ Սուրբ Աստվածածին եկեղեցիների, որոնք քանդվեցին Անիում եւ այլ վայրերում»,- օրվա խորհրդի առթիվ ասում է Դպրեվանքի հոգեւոր տեսուչը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։