Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի՝ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք եւ տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը շահագործման կհանձնվի 2022-ի վերջին եւ կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված ընտանիքներին:
Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել է, որ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, 4-ինը կսկսվեն օրեր անց:
Հարեւան հարթավայրային տարածքում առաջիկայում կսկսվի եւս 10 նման բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով, որոնք կտրվեն Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:
Ասկերանի մյուս թաղամասը նախատեսված է 102 ընտանիքի համար եւ ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից եւ դարձյալ շահագործման կհանձնվի 2022-ի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:
Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ, դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով:
Ավելի վաղ Արցախի նախագահը հայտնել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Թաղամասը կունենա ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարաններով եւ շահագործման կհանձնվի 2022-ի վերջին։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին։