Ըստ ամերիկյան CNN գործակալության՝ Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է առաջիկա շաբաթվա ընթացքում հայտնվել շրջափակման մեջ: Իրադրությունը Քաբուլում ծայրաստիճան լարված է, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ծրագրերը պարբերաբար փոփոխվում են:
Փրկության գործարք
Միացյալ Նահանգների ղեկավարությունն աշխատում է Քաթարի հետ համաձայնագիր կնքելու շուրջ, ըստ որի՝ այդ երկրում ժամանակավոր կհաստատվեն Աֆղանստանի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք կօգնեն ամերիկացի զինվորականներին:
CNN-ի աղբյուրները նշել են, որ խոսքը շուրջ 8000 փախստականի մասին է: Եթե գործարքը տեղի ունենա, կարճ ժամանակում Քաթարի մայրաքաղաք Դոհա կուղեւորվի մինչեւ 2000 աֆղաններից բաղկացած խումբը:
ԱՄՆ-ում Քաթարի դեսպանությունը հրաժարվել է CNN-ի այս տեղեկությունը մեկնաբանելուց: Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել են, որ առայժմ չեն կարող հայտնել, թե որոնք են այն երրորդ երկրները, որտեղ կտեղակայվեն աֆղանստանյան փախստականները:
Չեխիան հետ է կանչում իր դիվանագետներին
Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլգանեկը հայտարարել է, որ Չեխիան որոշել է Աֆղանստանից անհապաղ հետ կանչել դիվանագիտական անձնակազմին:
«Աֆղանստանում իրադրությունը վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա` ստիպված եմ եղել կարեւոր որոշում ընդունել մեր դիվանագետների՝ անհապաղ Քաբուլի միջազգային օդանավակայան տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:
Իտալիան նույնպես չի բացառում
Corriere della Sera-ին տված հարցազրույցում Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները:
«Պատրաստվում ենք բոլոր հնարավոր իրադարձություններին, դրանց թվում տարհանմանը: Մենք պետք է մտածենք դեսպանատան անձնակազմի անվտանգության մասին: Անհրաժեշտության դեպքում պաշտպանության նախարարության օգնությամբ ամենասեղմ ժամկետներում բոլորին անվտանգ կվերադարձնեն Իտալիա»,- ասել է Լուիջի Դի Մայոն:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը, որն ընդգրկում է նաեւ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքների, դրանց թվում Կանդագարայի եւ Գերատանի, ինչպես նաեւ Քաբուլից 50 կմ հեռավորությամբ գտնվող Պուլի Ալամ քաղաքի գրավման մասին: