Ստամբուլում գործող ազատ լրագրող Պոլ Բենջամին Օստերլունդը (Paul Benjamin Osterlund) Eurasianet կայքում պատմել է աշխարհի առաջին քրդական ռոք խմբի մասին, որի արմատները տանում են Խորհրդային Վրաստան։
«Երբ ձեւավորվեց Koma Wetan-ը, քրդերեն երգելը Թուրքիայում արգելված էր: Այժմ խումբը համարվում է լեգենդար եւ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի քուրդ ռոքերների շրջանում»,- գրում է Օստերլունդը:
Koma Wetan-ը, որ բառացի թարգմանվում է «Հայրենիք խումբ», 1973 թվականին հիմնադրել են երեք քուրդ եւ մեկ հայ երիտասարդներ։ Մեներգիչ Քերեմ Գերդենզերին ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, որտեղ քրդական համայնք կա։ Նրա արմատները, սակայն, գալիս են Արեւելյան Թուրքիայի Կարսի եւ Վանի նահանգներից։
«Քրդստանը մեր հայրերի եւ պապերի երկիրն է, մեր ժողովրդի հայրենիքը»,- ասվում է խմբի «Welate Me» (Մեր հայրենիք) երգում։ «Այս երգը քեզ համար է, Քրդստան, քո լեռների եւ աղբյուրների համար: Այստեղ է մեր տեղը եւ մեր տունը»:
Քրդերենով նման զգացմունք այն ժամանակ արտահայտել հարեւան Թուրքիայում անհնար էր։ Մինչեւ 1990-ականների սկիզբը անգամ քրդերեն խոսելն էր անօրինական համարվում։ «Քրդստան» բառն օգտագործելը մինչ օրս էլ արգելված է Թուրքիայի խորհրդարանում:
Բայց այն ժամանակվա բազմազգ Թբիլիսիի հանդարտ մթնոլորտում Koma Wetan-ը ոչ միայն թույլատրվեց, այլ նաեւ ստացավ պետական աջակցություն: Քաղաքը խորհրդային ռոքի կենտրոններից մեկն էր, իսկ 1980-ին այդտեղ անցկացվեց Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական ռոք փառատոնը:
Խմբի ջատագովներից մեկը հայտնի վրաց-քրդական մտավորական եւ քաղաքական գործիչ Քերեմ Անքոսին էր՝ քրդական մշակույթի պաշտպան, որն ավելի քան 25 տարի Վրաստանի պետական ռադիոյում քրդալեզու ծրագրեր էր վարում։
Անքոսին խմբին օգնեց պետությունից ստանալու ֆինանսական աջակցություն. գործիքներ ձեռք բերեցին: Koma Wetan-ին հաջողվեց պաշտոնական ճանաչման հասնել որպես «վոկալ-գործիքային անսամբլ»:
«Այդպիսի խմբերը պետական ֆինանսավորում ունեցող կամ պետականորեն հաստատված կոլեկտիվներ էին, որոնց ընդունված սահմանափակումների շրջանակում թույլ էր տրվում փորձարկել զանազան ձեւեր»,- Eurasianet-ին ասել է վրացի երաժշտական քննադատ Կախա Տոլորդավան:
Քուրդ ռոքերների նկատմամբ նման բարեհաճ վերաբերմունքի պատճառը Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ պետություն լինելն էր։ Կովկասի սահմանների մոտ առկա այդ սպառնալիքն էր ստիպում խորհրդային իշխանություններին հանդուրժել այն զգացումները, որոնք Թուրքիան դիտարկում էր որպես անջատողականություն:
«Չեմ կարծում, որ 1970-ականներին Քրդստան երգելը խնդրահարույց էր խորհրդային պետության համար»,- ասել է Տոլորդավան:
«Koma Wetan-ի ելույթները բազմիցս ցուցադրվել են վրացական եւ միութենական հեռուստատեսությամբ։ Մենք ելույթներ ունեցանք շատ փառատոներում եւ համերգներում։ Մեզ ճանաչում էին Խորհրդային Միությունում եւ այնտեղ, որտեղ քրդեր էին ապրում»,- հիշում է Գերդենզերին:
1979-ին խումբը գրեց երգեր իր առաջին եւ միակ ալբոմի՝ Baye Payizê-ի (Աշնան քամիներ) համար, որը թողարկվեց տասը տարի անց՝ 1989 թվականին: Խմբի երգերի ոճը դասական ռոքն էր՝ համեմված հուզական երանգներով։ Գերդենզերիի գրած տեքստերի հիմքում Կովկասի քուրդ բանաստեղծների գործերն էին:
«1989-ին ալբոմի թողարկումը համընկավ մի կողմից Խորհրդային Միության փլուզման հետ, մյուս կողմից՝ քրդերի կոտորածների, որը Սադամ Հուսեյնին իրականացրեց քիմիական զենքով Իրաքի քրդական Հալաբջա քաղաքում»,- «Քրդական արվեստը Խորհրդային Միությունում» գրքում գրում է Օզկան Օզտաշը (Özkan Öztaş)։
Koma Wetan-ը ալբոմից ստացված հասույթը նվիրաբերեց Հալաբջայի՝ հարվածներից տուժած ժողովրդին:
«Խորհրդային Միության փլուզումը ճակատագրական եղավ խմբի համար։ Պետական աջակցությունը դադարեց, եւ դա ստիպեց խմբի անդամներին աշխատանք փնտրել Վրաստանից դուրս»,- ասում է Գերդենզերին, որը 90-ականներին տեղափոխվել էր Մոսկվա։ Բայց Թուրքիայում՝ քրդերի թվով աշխարհի ամենախոշոր համայնքում, Koma Wetan-ի ժողովրդականությունն ու ազդեցությունն ավելի մեծացավ՝ ոգեշնչման աղբյուր դառնալով քուրդ շատ երաժիշտների համար:
1990-ականներից Թուրքիայում քուրդ լեզվի, գրականության եւ երաժշտության դեմ ուղղված խստությունները թուլացան, եւ Koma Wetan-ի նոր կազմը համերգ ունեցավ Ստամբուլում։ Նրանց հետ ելույթ ունեցավ մեկ այլ պատմական խումբ՝ աշխարհում առաջին քրդալեզու ծանր մետաղային Ferec-ը, որը հիմնադրվել էր 2004-ին Արեւելյան Թուրքիայի Հակկարի նահանգում:
Ferec-ի մեներգիչը՝ բեմական Reh անունով, Eurasianet-ին ասել է. «Koma Wetan-ը մեզ համար ամենակարեւոր խմբերից մեկն էր: Որպես առաջին քրդական խումբ` Koma Wetan-ն էր ոգեշնչել եւ ճանապարհ հարթել քրդական շատ ռոք խմբերի համար»:
Reh-ը Baye Payizê-ի առաջին ժապավենային ձայներիզը գնել էր 1990-ականների վերջին: «Երբ ես առաջին անգամ լսեցի, մինչեւ ոսկորներս զգում էի նրանց: Դա ձայներիզ է, որը երբեք չի ծերանա։ Անկախ նրանից, թե որքան եք լսել, այն միշտ հաճույք է պատճառում»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը