«Անսպասելի նամակ ստացա National Geographic պարբերականից՝ «Contact us» (կապ հաստատեք մեզ հետ) բովանդակությամբ: Տարօրինակ թվաց, այնուամենայնիվ որոշեցի պատասխանել, գրեցի։ Երկարաշունչ մի նամակ եկավ, առաջարկում էին լուսանկար տպագրել ամսագրում։ Առանց երկմտելու համաձայնեցի: Լուսանկարը տպագրվեց՝ տեղ գտնելով National Geographic-ի 2012 թվականի հունիսյան համարում»,- լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը նման հեղինակավոր ամսագրից ստացած առաջարկն իր ստեղծագործական կյանքի մեծ հաջողություններից է համարում:
Լուսանկարը «Your beautiful eyes» (Քո գեղեցիկ աչքերը) շարքից էր։ Մեծ տարածում գտավ ոչ միայն համացանցում, այլեւ տպագրվեց Daily Mail, The Independent, Telegraph, Guardian, Huffington Post եւ հեղինակավոր շատ այլ պարբերականներում: Հետո Սուրեն Մանվելյանի «աչքեր»-ից չորսը հայտնվեցին անվանի ռեժիսոր Լյուք Բեսսոնի «Լյուսի» ֆիլմում: Լուսանկարիչն ասում է` երբ բացահայտեց աչքեր լուսանկարելու հնարքը, չէր էլ մտածում, որ արտառոց բան է անում:
«Ֆոտոֆեստ. Ժապավենից՝ թվանշային» լուսանկարչական առաջին փառատոնում Սուրեն Մանվելյանն իր ֆոտոշարքերն ու ստեղծագործական փորձառությունն էր ներկայացնում:
Մասնագիտությամբ ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու։ Մասնագիտական գիտելիքը լուսանկարչության մեջ առավելություն է համարում: Նկարում է դիմանկարներ, բնապատկերներ, իրականացնում նորարարական նախագծեր:
Սուրեն Մանվելյանի համար կարեւոր չէ՝ ինչպես է նկարում եւ ինչ «մոգությունների» միջով է անցնում լուսանկարը։ Նա կարեւորում է վերջնարդյունքը, իսկ փառատոնի մյուս մասնակցի՝ Ալեք Լեւասգանիի համար էական են հենց լուսանկարի ծնունդը, ընթացքը, սպասումը:
«Միայն ժապավենային աշխատանքն է թույլ տալիս երկարատեւ պրոցեսի մասնակից լինել: Այն շատ բարդ է եւ անկանխատեսելի, հնարավոր է` ամբողջ լուսազգայուն մակերեսից ոչինչ էլ չստանաս, բայց կարող է եւ մի այնպիսի ստեղծագործություն դուրս գա, որը կհուզի մարդկանց»,- ասում է լուսանկարիչը՝ շեշտելով, որ ժապավենն աշխատանքային բոլորովին այլ ռիթմ է պահանջում:
Ժապավենով լուսանկարելու մեջ գաղտնիք է տեսնում, քանի որ պատկերների ստեղծման եւ պահպանման պրոցեսում լուսանկարիչը կադրերի հետ զրուցում է, եւ երկարատեւ այդ ընթացքում է ծնվում ստեղծագործությունը: Ժապավենով արված լուսանկարներում պատմության, ժամանակի հետքն ակներեւ է, ինչն, ըստ նրա, պակասում է թվանշային լուսանկարներում:
Լուսանկարիչը ծնունդով Թեհրանից է: Քիմիական լուսանկարչությամբ զբաղվում է 2008 թվականից: Բարսելոնայում, որտեղ ապրել է շուրջ 20 տարի, հիմնել է տարբեր խմբեր, լուսանկարչական արվեստանոց, մասնակցել ցուցադրությունների: 2020-ի սեպտեմբերից վերադարձել է Հայաստան։ «Բոքս Լաբ»-ի հետ համագործակցելով՝ փորձում է Հայաստանում աշխուժացնել անալոգային տպագրությունը:
«300 հազար նեգատիվ կա ազգային արխիվում, որոնք, հայտնի չէ՝ ինչ վիճակում են: Երեւանում չկա որեւէ տեղ, ուր կարելի է անալոգային տպագրություն անել, մինչդեռ հարեւան Վրաստանում դրանք վեցն են»,-ասում է Լեւասգանին: Իսկ Սուրեն Մանվելյանի կարծիքով լուսանկարչությունը Հայաստանում արվեստի ճյուղ չի ընկալվում. «Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Հայաստանում լուսանկարչության թանգարան չկա, մինչդեռ ունենք լուսանկարչության հարուստ պատմություն, անվանի լուսանկարիչներ, որոնք համաշխարհային հռչակ ունեն»:
Փառատոնը՝ շփման հարթակ
«Հայարտ» մշակութային կենտրոնը վերաբացվեց այս տարվա հուլիսին։ Կենտրոնի նոր տնօրեն Մարինե Կարոյանն ու թիմը փորձում են կենդանացնել կառույցը՝ նոր գաղափարներ, նախագծեր իրականացնելով: Առաջինը ARé կատարողական արվեստների փառատոնն էր, երկրորդը ֆոտոֆեստը։
Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Նազիկ Արմենակյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Ալեք Լեւասգանի, Սուրեն Մանվելյան, Անի Գեւորգյան, Արամ Կիրակոսյան… Հինգ օր շարունակ փառատոնը հարթակ տրամադրեց այնպիսի լուսանկարիչների, որոնք տարբեր եղանակներով, տեխնիկաներով են աշխատում:
«Այլընտրանքային քիմիական պրոցեսներից մինչեւ ժամանակակից թվանշային: Փորձել ենք փառատոնի շրջանակում ընդգրկել լուսանկարչության բոլոր դրսեւորումներն ու գործունեության տեսակները, լուսանկարիչների ընտրությունն էլ սրանով է պայմանավորված»,- ասում է փառատոնի համադրող, արվեստաբան Վահե Բուդումյանը:
«Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, երաժիշտներն ունեն իրենց համայնքը, իսկ լուսանկարիչների համայնք չեմ տեսնում։ Այս փառատոնը, կարծում եմ, ընդհանուր հարթակ կլինի նրանց համար: Իրենք այնքան տարբեր են, այսօր չորրորդ օրն է փառատոնի, ինքս շատ հետաքրքրությամբ լսում եմ»,- ասում է «Հայարտ» կենտրոնի տնօրեն Մարինե Կարոյանը։
Մյուս տարի փառատոնի ձեւաչափը կփոխվի։ Կկազմակերպվեն աշխատարաններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, դրամաշնորհների օգնությամբ կփորձեն հայկական լուսանկարչությունը ներկայացնել միջազգային հարթակներում։ Տնօրենը կարեւորում է համագործակցությունը դրսի արվեստագետների հետ. «Մենք ապրում ենք մոնոէթնիկ երկրում, իսկ դա չի կարող նպաստել որեւէ ոլորտի զարգացմանը»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։