Իսլամական ծայրահեղական «Թալիբան» խմբավորումը նորանոր հաջողությունների է հասել Աֆղանստանում եւ իր իշխանությունը հաստատել նաեւ մայրաքաղաք Քաբուլում։
1994 թվականին ստեղծված «Թալիբան» շարժման անդամները իսլամական ծայրահեղական խմբավորում են, իսլամի օրենքների՝ «Շարիաթի» կանոնների ծայրահեղական մեկնաբանության ջատագովներ։
Միջազգային մամուլը հեղեղված է Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերի մասին լուրերով՝ շեշտադրելով հատկապես կանանց իրավունքների հարցը նրանց իշխանության օրոք։ Իսլամական գլխաշորի տարատեսակներից մեկի՝ կնոջ դեմքն ու ողջ մարմինը ծածկող «բուրկայի» մասին պատումներն ու նկարները գերակշռում են թալիբների մասին նյութերում։
Կանանց մարմինները, ցավոք, շարունակում են օգտագործվել որպես քաղաքական, մշակութային, հասարակական ու կրոնական վեճերի, փոփոխությունների, աշխարհայացքների ցուցիչներ։ Կանանց հանդեպ վերաբերմունքն էլ որպես ընտրած քաղաքական ուղղության, մշակութային, կրոնական, հոգեւոր արժեքների խորհրդանիշ է ընկալվում։
Երբ յոթերորդ դարում իսլամի մարգարե Մուհամադը ցանկանում էր նորահայտ մուսուլմանների քաղաքակրթվածությունն ի ցույց դնել, իր «ումմայի»՝ համայնքի ներսում բարոյական նորմեր ամրագրել, «ծածկեց» կանանց մարմինները։
Երբ քսաներորդ դարի սկզբին Թուրքիայի Աթաթուրքն ու Իրանի Ռեզա Փեհլեւի շահը որդեգրել էին «քաղաքակիրթ ու լուսավոր» աշխարհի մաս դառնալու ուղին, «հանեցին» կանանց շորերը ու նրանց ստիպողաբար «ազատագրեցին» կրոնական հագուստի կապանքներից։
Եգիպտոսում էլ իսլամական բարեփոխիչ Քազիմ Ամինը խավարամտության գլխավոր պատճառ էր համարում կանանց հագուստը ու դրանից հրաժարում քարոզում՝ հանուն առաջընթացի։
Իսկ խորհրդային կարգերի հաստատումից ու ԽՍՀՄ ստեղծումից հետո կոմունիստներն իրենց պարտքը համարեցին մուսուլմանական բնակչությամբ խորհրդային երկրների կանանց «մերկացնել» ու կրթել այդպիսով։
Նույն քսաներորդ դարի վերջում արդեն Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին Իրանում, «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսում ու հետխորհրդային մի շարք երկրների մուսուլման հոգեւոր առաջնորդները նորից պիտի «հագցնեին» իրենց երկրի կանանց՝ ջանալով վերստեղծել իսլամական ոսկե դարի մթնոլորտ։
Թալիբների դեպքում, ինչպես իսլամական ծայրահեղական մյուս խմբավորումների պարագայում, կրոնական հագուկապի պարտադրանքը կանանց համար բազմաթիվ այլ սահմանափակումների խորհրդանիշ է նաեւ։ Կարեւոր է չմոռանալ, որ նրանք իսլամական օրենքները մեկնաբանում են ծայրահեղական մոտեցմամբ, կիրառում բռնություններ ու սպանություններ, որոնք դատապարտելի են իսլամի շատ այլ ներկայացուցիչների համար։
Այսպես, Թալիբների իշխանության օրոք կանանց արգելվում էր կրթություն ստանալ, աշխատել, տնից դուրս գալ առանց ամուսնու, հոր կամ եղբոր թույլտվության եւ ուղեկցության։ Այս կանոնները խախտողներին դաժան ծեծի էին ենթարկում, ազատազրկում, անդամահատում։ Ամուսնության տարիքը կանանց համար սահմանվում էր 9 տարեկանը։ Կիրառվում էր նաեւ բռնի ամուսնության պրակտիկան՝ թալիբ զինյալներին առանց կին չթողնելու համար։
Չնայած թալիբների հավաստիացումներին, թե վերանայել են իրենց մոտեցումները` բոլոր այս սահմանափակումները ամենայն հավանականությամբ նորից կկիրառվեն Աֆղանստանում։ Նրանց ներկայացուցիչներն արդեն իսկ 15 տարեկանից մեծ աղջիկների ու 45 տարեկանից փոքր այրիների ցանկ են պահանջել՝ թալիբ զինյալների հետ ամուսնության համար։
Նույնպիսի պրակտիկա էին կիրառում նաեւ «Իսլամական խալիֆայության» ծայրահեղականները Սիրիայի եւ Իրաքի՝ իրենց կողմից գրավված ու խալիֆաթի մաս հռչակված տարածքներում։ «Սեքս-ջիհադ» անվանված այս պրակտիկան հորդորում էր կանանց կամովին տրվել զինյալներին՝ հանուն «ջիհադի»՝ սրբազան պատերազմի հաջողության։ Ջիհադի այս տեսակին կամավոր չմասնակցողներին բռնի կերպով էին ստրկացնում եւ օգտագործում որպես հարճերի։
Շարիաթական կանոնների հաստատմամբ՝ աֆղան կանայք, այսպիսով, կզրկվեն բոլոր այն իրավունքներից եւ ազատություններից, որ ձեռք էին բերել 2001 թվականից ի վեր՝ թալիբների իշխանության տապալումից հետո։
Կրթության, աշխատանքի ու բժշկական ծառայություններից հավասար օգտվելու տեսանկյունից վերջին քսան տարիներին Աֆղանստանի կանայք բավականին մեծ հաջողությունների էին հասել։ Հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության տեսանկյունից Աֆղանստանը երբեմն գերազանցում էր անգամ եվրոպական ու ամերիկյան երկրների համապատասխան ցուցանիշները։ Այս ամենը, սակայն, շատ արագ կարող է անդառնալի անցյալի վերածվել։
Թալիբների համար կանանց «ճիշտ» ներկայությունը հասարակության մեջ նրանց «բացակայությունն» է՝ ֆիզիկապես, հոգեբանորեն, անունով չերեւալը, չլինելը, անհետանալը։ Ֆիզիկապես բուրկայով քողարկված, հոգեբանորեն սեփական անձն ու իրավունքները մոռացած, անունով անտեսված լինելը կանանց ճակատագիրն էին դարձել թալիբների իշխանության օրոք։
Կանայք մեծ մասամբ պարտադրված տնային կալանքի տակ էին, զրկված հասարակական կյանքում որեւէ դերակատարությունից։
Այս օրերին էլ կանանց «հետքը վերացնելու» ամենից խորհրդանշական քայլով ներկվում են աֆղանական բնակավայրերի՝ կանանց պատկերներ պարունակող պաստառները։
Ամերիկյան զորքերի դուրսբերմանը նախորդած ու 2020 թվականի փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ կնքված պայմանագրի մեջ որեւէ անդրադարձ չկա Աֆղանստանի հետագա քաղաքական կարգին ու դրանում կանանց իրավունքներին վերաբերող այս խնդիրներին։ ԱՄՆ-ի պահանջները թալիբներից սահմանափակվում են իրենց հանդեպ ահաբեկչական գործողություններ չկատարելու, ահաբեկչական խմբավորումներին չսատարելու, տարածք չտրամադրելու թեմաներով։
Կանանց խնդիրներին միջազգային հանրությունը հավանաբար կանդրադառնա հետո՝ սրտաճմլիկ ֆիլմերով, գիտաժողովներով, հանրային ելույթներով, աֆղան Աիշայի՝ թալիբների հրահանգով կտրված քթով ու ականջներով նկարի տարածմամբ եւ իսլամն առհասարակ որպես կրոն պիտակավորելով։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։