Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Ուրուգվայի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանսիսկո Բուստիժոն շրջայց է կատարել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում:
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի եւ Ֆրանսիսկո Բուստիժոյի՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ Բուստիժոն հայտնել է, որ արժեւորելով հայ-ուրգվայական 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում:
Նա կարեւորել է Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Ուրուգվայի պետական եւ Բրյուսովի անվան պետական համալսարանների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որի շնորհիվ ուսանողներն ու դասախոսները փոխադարձ այցեր կկատարեն, իսկ Ուրուգվայի համալսարանում հայերեն կսկսեն դասավանդել։
Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել է, որ Ուրուգվայը ԼՂ հակամարտության հետ կապված իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը, քանի որ տարածաշրջանում խաղաղությունը վտանգված է, եւ շեշտել, որ հակամարտությունները պետք է լուծվեն առանց բռնի ուժի, խաղաղ կարգավորմամբ:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: