Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին:
Համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները նշել են, որ ջրամատակարարման համակարգում խափանումները պայմանավորված են նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետեւաբար նաեւ ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաեւ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։
Ոլորտի պատասխանատուները խոսել են վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Արձանագրվել է, որ արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են 3-5 տոննա տարողությամբ ջրի բաքեր, ինչպես նաեւ ջրատարներով եւ հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։
Արայիկ Հարությունյանը որպես ժամանակավոր լուծում համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը եւ խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաեւ օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման եւ նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։
Արցախի նախագահն ընդգծել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել եւ ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաեւ Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։
Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրելու մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը, ինչպես նաեւ կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու եւ ոռոգման ջրի հարցը։