Ճարտարապետ, Ֆիլադելֆիայի հայ համայնքի ղեկավար Հակոբ Արթին Քիթապճեանի անցած ուղուն է անդրադարձել The Philadelphia Inquirer պարբերականը:
Հակոբ Արթին Քիթապճեանը երկար տարիներ, մինչեւ կյանքի վերջը «ԱստրաԶենեկա» դեղագործական ընկերության գլխավոր ճարտարապետն էր: Պաշտոնապես ճարտարապետ էր նշանակված Փենսիլվանիա, Նյու Ջերսի եւ Դելավեր քաղաքներում:
Հոդվածի հեղինակ Ռիտա Ջորդանոն նշել է, որ Քիթապճեանի ճարտարապետական ժառանգության թվում են բնակելի բարձրահարկ շենքեր, ինչպիսիք են The Philadelphian-ը Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի մոտ, Penn Towers-ը եւ Park City West-ը: Նա նաեւ նախագծել է շենքեր Grove City College-ի, ինչպես նաեւ Ֆիլադելֆիայի դեղագործության եւ գիտության քոլեջի, Widener համալսարանի, Gordon Conwell եւ Westminster աստվածաբանական ճեմարանների համար:
Քիթապճեանը ծնվել է 1932-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, Հարություն Քիթապճեանի եւ Ներգիզ Մինասեանի ընտանիքում: 1915-ին թուրքերի կազմակերպած ցեղասպանության զոհերի թոռը երեք տարեկանում կորցրեց հորը, 18 տարեկանում՝ մորը: Երիտասարդ տարիքում հիվանդությունից մահացան նաեւ չորս քույրերը: Նրա մասին հիմնականում հոգ է տարել ավագ եղբայրը՝ Կարպիսը:
Չնայած ավագ դպրոցում ու քոլեջում ունեցած բարձր առաջադիմությանը, Հակոբը ծրագրել էր եղբոր պես արծաթագործ դառնալ, սակայն քոլեջի պրոֆեսորները պնդեցին, որ ուսումը շարունակի Միացյալ Նահանգներում: Անսալով նրանց խորհրդին՝ նա Բեյրութի ամերիկյան համալսարանի ճարտարապետական ինժեներիայի բակալավրի աստիճան ստանալուց հետո մագիստրոսական աստիճանը ստանում է Փենսիլվանիայի համալսարանում:
Հետագայում՝ հայկական երգչախմբի փորձերի ժամանակ, հանդիպում է ամերիկահայ ուսանողուհի Պամելա Զարթարեանին: Մի քանի տարի անց՝ 1961-ին, նա աղջկան խնդրում է պարել հայկական երիտասարդական խմբի Սուրբծննդյան երեկույթում: Նրանք ամուսնանում են 1963-ին եւ ունենում երեք երեխա:
Տարածում էր հայկական մշակույթը
Ըստ Ռիտա Ջորդանոյի՝ Քիթապճեանը մասնագիտական հաջողություններին զուգահեռ պաշտում ու տարածում էր հայկական մշակույթը, որն իր ինքնության հիմքն էր համարում:
«Կյանքիս հիմնական նպատակը հայ եկեղեցուն եւ հայ համայնքին ծառայելու իմ ուժեղ ցանկությունն էր»,- գրել է Քիթապճեանը: Նա կամրջեց հայ եկեղեցին, մշակույթն ու համայնքը` ձեւավորելով նոր հաստատություններ եւ աջակցելով գործողներին: Բացի դրանից՝ 25 տարի կիրակնօրյա դպրոցում հայոց լեզու եւ պատմություն է դասավանդել:
Հակոբ Քիթապճեանը «Հայ քույրերի ակադեմիա» մասնավոր դպրոցի, «Քնար» հայկական երգչախմբի եւ Ֆիլադելֆիայի հայկական միջհամայնքային հանձնաժողովի հիմնադիր անդամ էր: Ակտիվորեն համագործակցում էր նաեւ «Վարդանանց ասպետներ» հայկական բարեգործական խմբի եւ «Արարատ» երգի-պարի համույթի հետ։ Բազմաթիվ դասախոսություններ է կարդացել հայկական ճարտարապետության, պոեզիայի եւ երաժշտության մասին:
Հակոբ Արթին Քիթապճեանը՝ Ֆիլադելֆիայի հայտնի շատ շենքերի ճարտարապետը եւ ներգաղթյալ համայնքի մեծ աջակիցը, 2021-ի հուլիսի 7-ին 88 տարեկանում վախճանվեց Մոնտգոմերիում Էյնշտեյնի հիվանդանոցում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը