ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասը Տաջիկստանի իշխանությունների հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում ռազմական դաշինքը կաջակցի Տաջիկստանին։
«Եթե սպառնալիք ստեղծվի Տաջիկստանի համար, կձեռնարկվեն կանոնադրությամբ նախատեսված բոլոր քայլերը»,- ասել է Զասը։
ՀԱՊԿ ղեկավարը միաժամանակ պնդել է, թե Աֆղանստանում իշխանափոխությունը մտահոգություններ է հարուցում կազմակերպության անդամ երկրների շրջանում։
«Անկասկած, այս հարցը կարեւորներից մեկն է լինելու ՀԱՊԿ խորհրդի՝ առաջիկա սեպտեմբերին նախատեսված նիստում, որը տեղի կունենա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում»,- եզրափակել է Զասը։
Զորավարժություններ սրացման հետնապատկերին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական ուժերի՝ առաջիկա ամիսներին տաջիկա-աֆղանական սահմանի մոտ անցկացվելիք զորավարժությունների նախապատրաստությունը։
Ըստ ՀԱՊԿ մամուլի ծառայության հրապարակման՝ Զասն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի զարգացմանը։ Ստեղծված պայմաններում կազմակերպության հիմնական նպատակը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովումը։
«Միեւնույն ժամանակ կազմակերպության գործունեության մեջ, ինչպես նախկինում, առաջնահերթություն է տրվում քաղաքական եւ դիվանագիտական միջոցներին։ Իրավիճակի սրացման եւ Տաջիկստանի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում դաշնակցին օգնություն ցուցաբերելու համար կձեռնարկվեն կանոնադրության փաստաթղթերով նախատեսված բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները»,- նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Թալիբները մտան Քաբուլ․ պատերազմի ավա՞րտը, թե՞ նոր սկիզբը
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները օգոստոսի 15-ին՝ Ջելալաբադի գրավումից հետո, Քաբուլում՝ նախագահական պալատում, բանակցություններ են վարել իշխանության խաղաղ փոխանցման մասին։ Դրանից հետո Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին, որ երկրի ղեկավարն էր 2014-ից, վայր է դրել լիազորությունները՝ հայտարարելով, որ Քաբուլում ռազմական գործողություններ չպետք է լինեն։ Ղանին հեռացել է երկրից։ Նրա գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են պտտվում։ Այսօր Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեք Սմադիյարովը հայտարարել է, որ Աշրաֆ Ղանին Ղազախստանի տարածքում չէ։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթներին, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա։ Կիրակի լրատվամիջոցները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են սահմանային բոլոր անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ եւ վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։