Աթենքի մերձակայքում նոր հրդեհներ են բռնկվել։ Տարհանվել են Հունաստանի մայրաքաղաքի ծայրամասային երկու թաղամասի հարյուրավոր բնակիչներ։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 70 հրշեջ, 25 հատուկ մեքենա, 6 ինքնաթիռ եւ 2 ուղղաթիռ։
Նշվում է, որ կրակը սկիզբ է առել աղբանոցի հրդեհումից։ Ուժեղ քամիներն ու շոգը դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս շաբաթ օդի ջերմաստիճանը Հունաստանում կրկին բարձրացել է՝ ստվերում հասնելով 40 աստիճանի։
Վտանգ կա, որ կրակը Սունիոնի հնագույն ազգային պարկ կհասնի։
Սունիոնը հիշատակված է հույն անտիկ գրողների՝ Հոմերոսի «Ոդիսականում», Եվրիպիդեսի եւ Սոֆոկլեսի ողբերգություններում, Արիստոֆանեսի կատակերգութուններում, Հերոդոտոսի երկերում։ Հրվանդանը նկարագրել են անտիկ պատմաբան ու աշխարհագրագետ Ստրաբոնը, «Հելլադայի նկարագրությունը» 10-հատորյակի հեղինակ, հին հույն գրող, աշխարհագիր Պավսանիասը, հռոմեացի ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Վիտրուվիոսը եւ այլք։
Սունիոնի մասին գրել է նաեւ Ջորջ Գորդոն Բայրոնը «Հունաստանի կզղիները» պոեմում։ Պոսեյդոնի տաճարի սյուներից մեկին Բայրոնը փորագրել է իր անունը։ Բանաստեղծը 1810-1811-ին մի քանի ամիս է անցկացրել Աթենքում, եւ փաստագրված է, որ նա երկու անգամ այցելել է Սունիոն։
2011-2013-ին Եվրոպական միությունը եւ Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը համաֆինանսավորել են «Սունիոնի հնագիտական վայրի կազմակերպում» նախագիծը: