ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ըստ երեկ ուշ երեկոյան ստացված ահազանգերի՝ ադրբեջանական զինված ուժերը կրակել են Կութ եւ Նորաբակ գյուղերի, ավելի ուշ նաեւ Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:
Կրակոցները եղել են ինտենսիվ եւ տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձել են պատսպարվել:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ կրակոցները նաեւ այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները:
Այդ տարածքը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում է (200 հա հողամաս), որը ՀՀ Կառավարությունը 2000-ի դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը եւ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինուժն իր անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում ընկերությանը պատճառել է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս:
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար թիրախավորում է Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը եւ ՀՀ զինված ուժերի դիրքերը: