Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է հայկական սահմանի առանձին հատվածներ: Երասխ բնակավայրում դեսպանը հանդիպել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ եւ ռուս սահմանապահների հետ։
Այցի ընթացքում Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է դրել սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի կիսանդրիի մոտ։ 26-ամյա Կորյակովը զոհվել էր 1948-ին Թուրքիայի տարածքից ներխուժած դիվերսանտների դեմ կռվի ժամանակ՝ ծառայողական պարտքը կատարելիս։
Կորյակովը հուղարկավորված է Արարատ քաղաքի մշակույթի զբոսայգում: 1958-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ 11-րդ սահմանապահ ուղեկալը կոչվել է Կորյակովի անունով: Նրա անունով է անվանակոչվել նաեւ Արարատի փողոցներից մեկը: 2018-ին ստեղծվել է «Ալեքսանդր Պավելի Կորյակովի սխրանքի 70-ամյակը» հուշամեդալը: