Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ «Քոբայր» կայարանից 600 մ դեպի Ալավերդի հատվածը օգոստոսի 16-29-ը փակ է լինելու։ Երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվելու է երթեւեկությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» կազմակերպությունն առաջարկում է դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության համար օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 եւ Իջեւան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից՝ պատճառվող անհարմարությունների համար հայցելով ներողամտություն։
Ճանապարհի փակվելու հանգամանքը, պարզվում է, մշտական երթեւեկողներից բացի խնդիրներ է առաջացրել նաեւ զբոսաշրջային բիզնեսով զբաղվող ընկերությունների համար։
Rafting in Armenia կազմակերպության հիմնադիր Գեւորգ Վարդանյանն, օրինակ, բարձրաձայնում է սպասվելիք ֆինանսական կորուստների մասին՝ նշելով, որ առաջարկվող այլընտրանքային ճանապարհն ընդհանրապես ձեռնտու չէ իրենց։
«Ռաֆթի երթուղու մեկնարկը տրվում է Թումանյանից։ Մեր հաճախորդին, եթե ռաֆթով իջավ, մենք հետ ենք բերում սկզբնակետը, որտեղից սկսել է։ Թումանյան պետք է հետ բերենք, որ հաջորդ խումբը իջնի։ Այսինքն՝ ինքնըստինքյան խնդիր է դառնում թե՛ հաճախորդին, թե՛ ռաֆթինգի պարագաները հետ բերելը։ Դրա համար ավելի լավ կլինի էդ հատվածում մեզ տրամադրեն այլընտրանքային ճանապարհ, թեկուզ երկաթգծի վրայով ժամանակավոր անցում։ Ու կարծում եմ՝ էս խնդիրը մենակ մեզ չի անհանգստացնում։ Հյուրանոցներ, հյուրատներ, զբոսաշրջային այլ բիզնեսներ նույնպես տուժելու են»,- ասում է Rafting in Armenia-ի հիմնադիրն ու ներկայացնում՝ մոտավոր հաշվարկով 15 օրում 2,5-3 մլն դրամ են կորցնելու։
Դեբեդի վրա ռաֆթելու համար դեռ մեկ ամիս առաջ են իրենց մոտ ամրագրումներ արել Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանող մի քանի խմբեր։ Ֆինանսական կորուստներից առավել կարեւոր է վստահելի գործընկերոջ համբավը, որը տվյալ պարագայում կորցնում են։
Խնդրին հրատապ լուծում չտալու, այն է՝ այլընտրանքային ճանապարհ չառաջարկելու կամ վնասի փոխհատուցում չտրամադրելու պարագայում, ըստ Գեւորգի, համապատասխան քայլեր են ձեռնարկելու, որպեսզի Մ6 մայրուղու նշված հատվածը չփակվի։
Խնդրի վերաբերյալ «Ալիք Մեդիա Հայաստան»-ի գրավոր հարցմանը «Ճանապարհային դեպարտամենտ» կազմակերպությունից այսօր առավոտյան պատասխանել են, որ անկախ ուղեանցի հետ կապված խնդրից՝ նշված հատվածում այլընտրանքային նոր ճանապարհ կկառուցվեր, եթե դա տեխնիկապես հնարավոր լիներ։
Կազմակերպության գրավոր պատասխանի մեջ նաեւ նշված է․««Քոբեր» կայարանին հարակից ճանապարհահատվածը Մ6 ճանապարհի հիմնանորոգման ընթացքում տարբեր աշխատանքներ կատարելիս բազմիցս է փակվել, եւ որեւէ խնդիր չի առաջացել․ վարորդները, զբոսաշրջային կազմակերպություններն օգտվել են նշված այլընտրանքային ուղիներից»։
Օգոստոսի 16-ին փակ ճանապարհի խնդրով «Ճանապարհային դեպարտամենտ» կազմակերպություն է դիմել Թումանյան քաղաքի բնակիչ Հերմինե Տիրացվյանը։ Հերմինեն եւ նրա ամուսինն ամեն օր Թումանյանից Ալավերդի աշխատանքի են գնում՝ նույն վայրում մանկապարտեզ տանելով նաեւ իրենց երկու երեխաներին։ Հերմինեն ասում է՝ առաջարկվող այլընտրանքային ճանապարհից օգտվելու դեպքում ինքն ամեն օր ստիպված է լինելու Թումանյանից նախ Վանաձոր գնալ՝ անցնելով մոտ 33 կմ ճանապարհ, և Վանաձորից դեպի Ալավերդի՝ եւս 80 կմ։ Մինչդեռ Մ6 միջպետական մայրուղու՝ Թումանյան-Ալավերդի ճանապարհահատվածն ընդամենը 15 կմ է։
Թումանյանի բնակիչը խնդրի այլ լուծում է պահանջել կամ պատճառվող վնասի փոխհատուցում։ Ասում է՝ նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում է մեկնաբանություններ արել, ինչից ժամեր անց «Ճանապարհային դեպարտամենտ» կազմակերպությունից գրել եւ տեղեկացրել են․ «Բացի մեր կողմից նշված տարբերակներից՝ կարող ենք առաջարկել նաև ամառանոցների մոտով անցնող ճանապարհը»։
Նշված ճանապարհն անցնում է հիմնանորոգվող վթարային ուղեանցին հարակից հատվածով։
Սակայն երեկոյան Թումանյան վերադառնալիս Հերմինե Տիրացվյանն ընտանիքի հետ ճանապարհին է մնացել։ Ժամը 20։20-ին «Ալիք Մեդիա Հայաստան»-ին նա հեռախոսով հայտնեց, որ երկաթգծի ուղեանցն, ինչպես նախատեսվում էր, փակ է։ Իսկ ամառանոցների մոտով անցնող շրջանցիկ ճանապարհը՝ հողով լցված և անանցանելի։ Ասաց՝ սպասում են՝ Թումանյանից մեքենա գա, որ ոտքով անցնեն փակ հատվածը եւ շարունակեն ճանապարհը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։