Ըստ թուրքական «Հաբերլեր» գործակալության՝ Թուրքիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է մեծ տերություններին, որոնք «ազատություն եւ ժողովրդավարություն բերելու պահանջով խաղացել են այդ երկրի սոցիալական հավասարակշռության եւ արժեքների հետ»։
Անդրադառնալով Աֆղանստանում թուրքական զինուժի ներկայության հարցին՝ նա նշել է, որ թուրք զինվորների՝ Աֆղանստանը լքելը կնշանակի սպառնալիքի տակ դնել Անատոլիայի աշխարհագրությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտնել էր, որ Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել, եւ Աֆղանստանը լքել ցանկացող Թուրքիայի քաղաքացիները աջակցություն կստանան։ Նա հավելել է, որ Թուրքիան դիվանագիտական առաքելությունների եւ բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումներն ի սկզբանե էր ձեռնարկել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հարցով երեկ առցանց խորհրդակցություն է հրավիրել։ Նա հայտարարել է, որ Թուրքիան ուշիուշով հետեւում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աքարի գլխավորությամբ հրավիրված տեսակոնֆերանսին մասնակցել են Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարը, Թուրքիայի ԳՇ-ի պետ օրգեներալ Յաշար Գյուլերը, Օդային ուժերի հրամանատար օրգեներալ Հասան Քյուչուքաքյուզը։