Թուրքական ընդդիմադիր Gazete Duvar պարբերականի թղթակից Մուսա Օզուղուրլուն անդրադարձել է Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանած «Թալիբան» շարժման հետ Անկարայի հնարավոր համագործակցության թեմային:
Հեղինակը համոզմունք է հայտնել, որ «Թալիբան»-ի ամենամոտ դաշնակիցը դառնալու են Թուրքիան, Պակիստանը եւ Քաթարը, իսկ սերտ հարաբերություններ կառուցելու հիմքը լինելու է քաղաքական իսլամը:
Ըստ պարբերականի՝ «Թալիբան» շարժման վրա դեռեւս պահպանվում է Թուրքիայի եւ Քաթարի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության եւ Պակիստանի ազդեցությունը:
Հոդվածագիրը նշել է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Պակիստանի եւ թե՛ Քաթարի ղեկավարները քաղաքական առավելություն եւ ուժ ձեռք բերելու առումով ոչ մի խոչընդոտ չեն տեսնում տարբեր մակարդակներով կրոնական կազմակերպությունների հետ միասին գործելու համար։
Թուրք լրագրողը պնդել է, որ իր երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված «Թալիբան»-ին Թուրքիայի նոր դաշնակիցը դարձնելու հարցում:
Բանակցություները շարունակվում են
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, նշել է, որ ներկա պահին Թուրքիան բանակցում է բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբան»-ի։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան առ այսօր «Թալիբան»-ի ուղերձները դրական է ընդունել եւ ողջունել է դրանք: Նա վստահեցրել է, որ շարունակելու են աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանն ու լիակատար խաղաղության հաստատմանը։