Խորհրդարանը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Սեւանից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակը մինչեւ 245 միլիոն խորանարդ մետր սահմանելուն «կողմ» քվեարկեց 65, «դեմ»՝ 18, «ձեռնպահ»՝ 0 պատգամավոր:
Մինչեւ այժմ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված էր մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր։
Այսօր՝ ավելի վաղ, Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր 64 «կողմ», 19 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով։
Վաղը՝ օգոստոսի 18-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկով ԱԺ-ն փակ ձեւաչափով կքննարկի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի հարցը։
Ավելի վաղ «SOS Սեւան» նախաձեռնության անդամները կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին կոչ էին արել կամք դրսեւորելու եւ հետ կանչելու լճից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության օգոստոսի 6-ին ընդունած որոշումը: