ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջեւ Շուշիի շրջանում հրաձգային զենքի կիրառմամբ փոխհրաձգության մասին:
Ըստ այդ հաղորդագրության՝ օգոստոսի 16-ին՝ 21:00-ին, Շուշիի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ մոտ 15 րոպե տեւած փոխհրաձգություն է արձանագրվել: Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան: Հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
ԼՂ-ում հրադադարի խախտման մասին ռուսական կողմը հաղորդել էր նաեւ անցած շաբաթ:
Նախորդ հաղորդագրության մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունն արձանագրել էր, որ Ադրբեջանի զինուժն է խախտել հրադադարը՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելով ԼՂ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: