Իրանամետ Al-Alam հեուստաալիքը Բեյրութից հաղորդել է, որ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Սալեհին հավատարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին:
Չարինքարով եւ Սալանգի թունելով է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիսարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:
Աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը Փանջշերի կիրճ 10 հազար զինվորի է ուղարկել:
Աշրաֆ Ղանիի նախագահության օրոք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ամրուլա Սալեհը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն, ըստ Սահմանադրության, երկրի ղեկավարի պաշտոնակատարն է: Նա աֆղաններին կոչ է արել միանալու «Թալիբան» արմատական շարժման դիմադրությանը՝ ընդգծելով, որ երբեք չի հպատակվի զինյալներին:
Աֆղանստանի Նանգարհար նահանգում հանրահավաք է անցկացվել ի պաշտպանություն ազգային դրոշի: Թալիբները կրակ են բացել մասնակիցների ուղղությամբ: Հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, 12-ը տուժել են:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ «Թալիբան»-ի ղեկավարները մտադիր են առաջիկա 48 ժամում հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Շարժման ներկայացուցիչը նշել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում արդյոք կլինեն Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ:
Թալիբների հետ Դոհայում դեռ նախորդ տարվա սեպտեմբերից խաղաղ բանակցություններ վարած՝ Աֆղանսանի կառավարության նախկին անդամներից կազմված պատվիրակությունը Քաթարում քաղաքական ապաստան է խնդրել՝ նախքան Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելը: